Հարցազրույց

«Oրբանը փորձում է կրկնօրինակել իր մեծ եղբորը՝ Ռեջեփ Էրդողանին». Դավիթ Ստեփանյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։

- Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ելնելով ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ տեսք կունենա ապագա կառավարությունը։

- Արդեն իսկ պարզ է, որ գործող վարչապետ Գաբրիել Ատալը մնում է վարչապետի պաշտոնում։ Մակրոնը նրա հրաժարականի դիմումը չի ստորագրել։ Շատ դժվար է ասել՝ ինչ տեսք կունենա կառավարությունը։ Կարծում եմ՝ միանշանակ արծարծվելու են այն մանդատները, որոնք խորհրդարանում ունեն ձախերը և Մակրոնի կոալիցիան։ Ըստ այդմ, պորտֆելները բաշխվելու են այդ ձայների հարաբերակցությամբ։ Պարզ է, որ լեպենիստները՝ ծայրահեղ աջերը, որևէ պորտֆել չեն ունենա։ Այնուամենայնիվ, կարելի է կանխատեսել, որ լինելու է կոալիցիա՝ ձախերի և մակրոնյան կոալիցիայի մասնակցությամբ։ Ամենակարևորը, որ այնտեղ չեն լինելու ծայրահեղ աջերը, և այն արտաքին քաղաքական կուրսը, որը տանում է Էմանուել Մակրոնը և իր գլխավորած քաղաքական ուժը, մնալու է անփոփոխ՝ առնվազն մինչև 2027 թվականը։

- Հունգարիայի վարչապետի այցը Մոսկվա, Ադրբեջան, այնուհետև՝ Չինաստան, չե՞ն խոսում այն մասին, որ ԵՄ-ի ներսում ևս խնդիրներ կան, և Ուկրաինայի հարցում ԵՄ անդամ երկրները ոչ միանշանակ դիրքորոշում ունեն։ 

- Չեմ կարծում, որ Վիկտոր Օրբանի այցը Չինաստան, Ռուսաստան, Ադրբեջան խոսում է այն մասին, որ ԵՄ-ի ներսում ևս կան խնդիրներ։ Իհարկե, խնդիրներ կան, բայց այնպիսիք չեն, որոնք կարող են խոսել  ԵՄ-ի ներսում ինչ-որ ճեղքի մասին, որովհետև ԵՄ ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Օրբանը, նույն Ադրբեջան այցի ժամանակ, լիազորված չէ ներկայացնել ԵՄ-ը և Բրյուսելը։ Օրբանը ներկայացնում է ինքն իրեն և Հունգարիային։ Իհարկե, Օրբանը փորձում է ստեղծել մի իրավիճակ՝ ցույց տալ, որ Ուկրաինայի հարցում դիրքորոշումը ոչ միանշանակ է, բայց ես այդպիսի տպավորություն չունեմ։ Դիրքորոշումը միանշանակ է։ Եվ կա մեկ պետություն ԵՄ-ում, որն այդ ամենին դեմ է։ Ի դեպ, Հունգարիան այդքան էլ դեմ չէ. Հունգարիան և, անձամբ, Վիկտոր Օրբանը, փորձում է այդ մանիպուլյացիաներով ինքն իրեն հնարավորինս ավելի թանկ վաճառել։ Այստեղ նա փորձում է կրկնօրինակել իր մեծ եղբորը՝ Ռեջեփ Էրդողանին, որի մոտ դա շատ լավ է ստացվում։ Հիշեք Էրդողանի դիրքորոշումը Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ ընդունվելու ժամանակ։ Էրդողանն սկզբից դեմ էր։ Հետո բավականին թանկ վաճառեց իր համաձայնությունը։ Թուրքիան Արժույթի միջազգային հիմնադրամից բավականին լուրջ գումարներ էր ստացել, որից հետո տվեց համաձայնությունը։ Հիմա Օրբանը փորձում է նույնն անել. կստացվի, թե ոչ, դժվար է ասել։ Բայց, կարծում եմ, չի ստացվի։

- Ռուսաստանի ԶՈւ-ն երկուշաբթի առավոտյան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։ Հրթիռակոծվել է նաև Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցը։ Ռուսաստանն անցնում է ակտի՞վ գործողությունների։ Ինչպե՞ս եք մեկնաբանում կատարվածը։

- Ռուսաստանը վաղուց է անցել ակտիվ գործողությունների, հենց այն նույն օրը, երբ 2022 թվականի փետրվարի 24-ին հարձակվեց և փորձեց գրավել Կիևը։ Ակտիվ գործողությունները վաղուց են։ Մենք անընդհատ նշում ենք, որ դրանք դեռ չեն սկսվել, բայց Ռուսաստանը վաղուց է սկսել։ Եվ այն, որ պատերազմը գտնվում է այս կետում, որ Ռուսաստանը խրված է Ուկրաինայում, խոսում է այն մասին, որ այս ակտիվ գործողությունները, մեղմ ասած, այնքան էլ ակտիվ չեն։ Հիմա փորձ է արվում ուժեղացնել ճնշումը՝ թիրախավորելով մանկական հիվանդանոցը և ստիպել Զելենսկուն՝ գնալ բանակցությունների պուտինյան օրակարգով։ Իսկ այս օրակարգը բոլորին է հայտնի՝ Ուկրաինայի կապիտուլյացիա։ Պուտինը ոչ միայն ցանկանում է պահել գրավված տարածքները, այլև պահանջում է ուկրաինական զորքերից՝ դուրս գալ այն տարածքներից, որոնք հետ են գրավվել։ Խոսքը Խերսոնի, Զապորոժեի, Խարկովի մարզի տարածքների, Դոնեցկի, Լուգանսկի տարածքների մասին է։ Այն տարածքների մասին, որոնք այսօր գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ։ Սա է հիմնական նպատակը, որովհետև Ռուսաստանը գտնվում է պատային իրավիճակում։ Եվ հիմա Պուտինը փորձում է մի փոքր ուժեղացնել ճնշումը՝ արդեն թիրախավորելով երեխաներին, փորձում է հասնել իր հանցագործ նպատակներին։ Մեկ հանցագործություն գործելով՝ փորձում է փակել մեկ այլ հանցագործություն։ Չեմ կարծում, որ նրա մոտ կստացվի։

Հայկ Մագոյան