Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններում։ Ինչ է սա նշանակում և, առհասարակ, ինչ է կատարվում ռուս-թուրքական հարաբերություններում։
- Այս հայտարարությամբ Պեսկովը հիշեցնում է, որ Անկարան զորակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ղրիմի հարցով տրամագծորեն հակադիր են Անկարայի և Մոսկվայի մոտեցումները։ Ենթադրվում է, որ այլ միջնորդի շուրջ Մոսկվան պատկերացում ունի։ Եթե իրոք բանակցություններ լինելու են, Մոսկվան այդ դեպքում կպատկերացնի միջազգային ընտանիքի լիազորությամբ միջնորդ, որպեսզի դրա դիմաց բանակցի ՌԴ-ի ապամեկուսացման շուրջ։ Կարծում եմ՝ այստեղ կա նաև ենթաբաժին առ այն, որ Մոսկվան ուզում է ասել, որ Անկարան չաջակցեց, որ Մոսկվան լինի հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական միջնորդ, փոխարենը Անկարան աշխատում է անուղղակի միջնոդրդավորել այդ գործընթացը։
- Չինաստանի նախագահն Ալիևին հրավիրել է Չինաստան։ Այս հրավերը ի՞նչ ազդեցություն և նշանակություն կարող է ունենալ Ադրբեջանի համար տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերություններում։
- Ալիևին Չինաստան հրավիրվելը, Շանհայի համագործակցության կազմակերպության ընդլայնման ճիգերը Պեկինի կողմից իրականացվող տնտեսաքաղաքականության շղթայի օղակներ են։ Ճանապարհային և Էներգետիկ խնդիրներն այստեղ առաջնային են, և այս առումով Ադրբեջանը գործոն է։ Սակայն չեմ կարծում, որ սա կազդի Չինաստան-Հայաստան հարաբերությունների վրա։ Վաղուց է, որ Չինաստանը Հայաստանի նկատմամբ վարում է նորմալ հարաբերություններ՝ հատկապես հեռանկարային առումով տնտեսական նոր երթուղիների ծրագրերի շրջանակներում։
- Աստանայում կայացել է եռակողմ հանդիպում՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների մասնակցությամբ։ Ձեր գնահատմամբ՝ քննարկման առանցքում ի՞նչ հարցեր են քննարկել կողմերը։
- Բնականաբար, տնտեսական, անվտանգային, ռազմաքաղաքական խնդիրներ։ Այս առանցքը վաղուց հաստատված առանցք է և աշխատում է ամեն կարևորագույն առիթի համակարգել աշխատանքային սլաքները։ համար Տարածաշրջանում Հնդկաստանի ակտիվացման երևույթները անհանգստացնում են Պակիստանին, և այս համատեքստում նա փորձում է առանցքով դիմակայել։ Չի բացառվում, որ նոր ճանապարհների, անվտանգային նոր հարթակների նախաձեռնությունների դիմաց քննարկել են հակածրագրեր։
- Բելառուսը պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Քաղաքական առումով ի՞նչ նշանակություն կունենա կազմակերպության անդամ դառնալը Բելառուսի համար։
- Բելառուսի յուրաքանչյուր նման վերպետական նախաձեռնություն նշանակում է ՌԴ-ի պատվերով արված քայլ։ Սա հակաբևեռ ստեղծելու քաղաքական փորձերի շրջանակներում պետք է ընկալել։ Չինաստանն աշխատում է մի կողմից համախմբել հակաարևմտյան ուժերին, մյուս կողմից բալանսավորված պահել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Ի վերջո, տնտեսական հարաբերությունները Արևմուտքի և Չինաստանի միջև ընթանում են փոխկախյալության սկզբունքի հիման վրա։
Հայկ Մագոյան