Հարցազրույց

«ԱԺ-ի բակում գորգ լվանալու փոխարեն շախմատ խաղալ է պետք». Միքայել Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքյել Հայրապետյանն է

- ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում. որքանո՞վ սա կապ ունի ռեալ պոլիտիկի հետ։

- Վատ գաղափար չէ, սակայն արդյունավետության աստիճանը հույժ մշուշոտ է․ Ձեր ասած ռեալ-պոլիտիկի հետ, անշուշտ, կապ ունի, սակայն չափազանց հեռավոր։

- Իսկ արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ին ընդունել իր շարքերը։

- ԵՄ-ի պատրաստ լինելն ու նրա հնարավորությունները միանգամայն տարբեր բաներ են։ Ըստ իս՝ ԵՄ-ն կկարողանա մեր երկիրն ընդունել իր կազմ միայն համաշխարհային այս թոհուբոհից հետո, եթե իհարկե որպես տնտեսա-քաղաքական միավոր ինքը մնա այնպիսին, ինչպիսին այսօր է։

-  ԵՄ-ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ նախագահական ընտրությունները։

- Մոլորակի պետությունների ճակատագրերը ամենաանհիշելի ժամանակներից մինչև Հռոմեական կայսրություն, մինչև Խորհրդային կասյրություն ու այսօր անմիջականորեն կախված են կայսրությունների ղեկավարների անհատական որակներից։ Հարցը նույնն է, ինչ այն, թե տարբերություն կլինե՞ր Հայաստանի համար, եթե Ներոնի կամ Կալիգուլայի փոխարեն, ասենք, Դիոկղետիանոսը լիներ կայսր տվյալ պահին։ Մանավանդ այսպիսի ջրբաժանային ժամանակում ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների հաղթանակի պարագայում մեզ գուցե կհաջողվի շրջանցել նախապատրաստվող փոթորիկը. իսկ Թրամփի հաղթանակի պարագայում լրջագույն մարտահրավերներում կողմնորոշվելու տիտանական ջանք է հարկավոր լինելու, մտքի և իմաստնության գերլարում։ Այնպես որ, ԵՄ-ի հետ հարաբերությունները պայմանավորվելու են ԱՄՆ նախագահական ընտրություններին հաջորդելիք կոնկրետ իրավիճակով. այսինքն՝ ԵՄ-ի հետ մեր բոլոր խնդիրներն ընդամենը տակտիկայի խնդիր են լինելու, ոչ քաղաքակրթական ընտրության ստրատեգիական խնդիր։

- Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել՝ առաջ քաշելով Սահմանադրության փոփոխության հարցը։ Մյուս կողմից էլ Սահմանազատման հանձնաժողովները փոխանակվել են կանոնակարգի նախագծով։ Այս երկու գործընթացները միմյանցից առանձի՞ն, թե՞ միասին պետք է դիտարկել։

- Մենք մինչև հիմա չենք կարողանում ըմբռնել, որ չարաչար պարտվել ենք կենսական մի պատերազմում, և պարտվողի հետ դեռևս ոչ մի հաղթող կողմ քաղաքավարական կանոններով չի հարաբերվել պատմության ընթացքում։ Մենք կարող ենք հուսալ միայն, որ միջազգային՝ խաղաղ ժամանակներում գործած ոչ մի կանոն հաշվի չառնող այս խառնակ միջավայրում մենք կա՛մ բավարարելու ենք ռուս-թուրքական հաղթող կողմի բոլոր պահանջները՝ հանձնվելով նրանց ողորմածությանը, ինչպես Տիգրան Մեծը Պոմպեոսին, կա՛մ ցուցաբերելու ենք այնպիսի միակամություն ու վճռականություն, որ հաղթող կողմը վարանի վերջին հարված հասցնել, կա՛մ մտքի գերլարմամբ պատկերացնելու ենք ներկա շախմատային ամբողջ խճանկարն ու անելու ենք ոչ ստանդարտ քայլեր։ Իսկ այդ հանձնաժողովների, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի իրարամերժ, երբեմն տրամագծորեն տարբեր հայտարարությունները պատկանում են նախապատրաստական փուլին և ունեն ոչ որոշիչ նշանակություն, մկանունքի ցուցադրություն են դեռևս։ Ազգային ժողովի բակում գորգ լվանալու փոխարեն շախմատ խաղալ է պետք. և երբեք, երբեք, երբեք չընկճվել։

- Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, որքանո՞վ է կարևոր միջնորդների ներգրավվածությունը, և արդյո՞ք երկկողմ բանակցություններով հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։

- Ախր, հարցն այդպես սև-սպիտակի տրամաբանության մեջ չէ։ Մենք մեր ուժերից էլ վեր ջանք ու նվիրում դնելու պարագայում ինչ-որ պահի շահած կարող ենք լինել ամենաանսպասելի միջնորդներ ներգրավելով, ինչ-որ պահի՝ մեկուսի Ադրբեջանի հետ բանակցելով՝ գտնելով գեոպոլիտիկ ընդհանրություններ, ինչ-որ պահի՝ այդ երկուսը համատեղելով, ինչ-որ պահի՝ բոլորը բացառելով։ Մենք ստատիկ, անշարժ վիճակներ ենք միայն տեսնում, քանի որ հազար տարի հետ ենք վարժվել դիալեկտիկայի, քվանտային շարժման մեջ ներկան տեսնելուց ու դրանով ապագայի կերտման՝ հնարավորինի ու անհնարինի տարբերակներ ստեղծագործելու խիզախումից, խոհեմությունից, սթափությունից։ Չի եղել մոլորակի վրա ոչ մի պատերազմ, որ բավարարի պատերազմող երկու կամ ավելի կողմերին, թեև բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվել են՝ մինչև հաջորդ պատերազմի սկսվելը։ Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, որ ընդամենն ընդմիաջարկումներ է ունեցել կարճատև խաղաղություններով։

Հայկ Մագոյան