Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Ադրբեջանը շարունակում է իր հայտարարություններում խաղաղության պայմանագրի կնքման համար որպես խոչընդոտ մատնանշել ՀՀ սահմանադրությունը։ Արդյո՞ք սահմանադրության նախաբանը, նախաբանում անկախության հռչակագրին հղումը կարող է խոչընդոտ հանդիսանալ հարևան երկրի հետ խաղաղության հաստատմանը, ինչո՞ւ են նրանք դա մատնանշում։
- Ադրբեջանը անվերջ նորացնում է իր նախապայմանային քաղաքականությունը։ Բաքվի մարտավարական խաղերն են՝ նոր պայմաններ, նոր զիջումներ կարգախոսով։ Մանավանդ, որ խաղաղության պայմանագրի մեջ կա կետ, որ ապագայում ևս կողմերը տարածքային պահանջներ չեն ունենալու։ Ճնշամիջոցի, ձգումի և առավելագույնը ստանալու վարքագիծ է։ Կարծում եմ՝ խաղաղություն կլինի միայն այն բանից հետո, երբ ուժերի վերաբալանսավորումը կայանա։
- Մյուս կողմից ԱԳ նախարար Բայրամովն ասել է, թե շարունակվում են աշխատանքները Հայաստանի հետ սահմանագծման ոլորտում, և մոտ ապագայում «դրական քայլեր» կլինեն։ Ըստ Ձեզ՝ նման քայլեր տեսանելի՞ են, թե՞ ոչ։
- Ադրբեջանի «դրական»-ը չի նշանակում օբյեկտիվորեն դրական։ Դա նշանակում է Բաքվի օրակարգի կամ ճշտած կանոնի կիրառում։ Այստեղ է հենց ադրբեջանական հակասությունը։ Միջազգային հանրությանն այլ ուղերձ են փոխանցում, իրենց ներքին լսարանին՝ այլ, հայկական կողմին՝ բոլորովին այլ։
- Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը Ադրբեջան. Օ՛Բրայենը վերջերս էլ էր այցելել Հայաստան։
- Կա ամերիկյան շտապողականություն։ Օ՛Բրայենը խոսում է ապաշրջափակման նոր երթուղիների մասին։ Երևանում և Բաքվում նրա հայտարարությունների և, նաև, շեշտադրումների միջև կան երանգային տարբերություններ։ Համենայնդեպս, ուշագրավն այն է, որ ապաշրջափակման նոր երթուղիների ուղղությամբ նա խոսում է Չինաստանի և Ռուսաստանի տարածքներով անցնող ճանապարհների այլընտրանքների մասին։ Հիմնականում այստեղ է ԱՄՆ շահագրգռվածության հիմնական բաժինը։
Արման Գալոյան