Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Ինչո՞վ է ուշագրավ այս հեռախոսազանգը և արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում որևէ տեղաշարժ կարելի՞ է սպասել։
- Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ամենաուշագրավ առանցքն այն է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է COP29-ը հաջող իրադարձություն դարձնելուն, որի դիմաց Պետքարտուղարը կրկին հորդորել է Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Պետքարտուղարը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դա անել։ Սա է, կարծում եմ, գլխավոր ուղերձը։ Իհարկե, չի մոռացվել գլխավոր առաջադրանքը՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները շարունակելը։ Այդ հարաբերությունների երկկողմ ձևաչափն ԱՄՆ-ի համար ենթադրում է ուղիղ, առանց միջնորդի հարաբերություններ, այսինքն՝ առանց Մոսկվայի։ Հիշեցնում է, որ ԱՄՆ միշտ պատրաստ է օժանդակելու։ Սրանք են հիմնական առանցքները։
- Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Արդյոք Ադրբեջանը կգնա՞ նոր ագրեսիայի ճանապարհով և արդյոք ԱՄն Պետքարտուղարի հեռախոսազանգն այն կասեցնելու փո՞րձ էր։
- Նոյեմբերից հետո չի բացառվում, որ Բաքուն վերստին գնա խաղաղության գործընթացի տորպեդահարման գործողությունների։ Արդեն հիմա էլ կիրառում է նորացված նախապայմանային քաղաքականություն։ Բաքվի մարտավարական խաղի հիմնական կանոնն այն է, որ մինչև խաղաղության պայմանագրի համաձայնությունը հայկական կողմից ստանալ Բաքվի դրած պահանջները։ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգերը կամ այցերը նպատակադրում են մրցավարի կարգավիճակի պահպանումը կամ այս առումով այդ կարգավիճակը որևե կերպ Մոսկվային չտալու քաղաքականության իրականացումը։
- Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի մասին առ այն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական ու տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությունն է:
- Դա միայն Բաքվի պահանջը չէ։ Թուրք և ադրբեջանական տանդեմի միացյալ նախապայմանն է։ Անկախության հռչակագրում ոչ միայն Արցախի վերամիավորման առաջադրանքն է, այլև համայն հայության իղձերի կենսագործումը, պատմական իրավունքների վերականգնումն ու ցեղասպանության միջազգային ճանաչում ապահովող աշխատանքներին սատար կանգնելը։ Այս նախապայմանը վերափոխված տարբերակներով միշտ պահանջվելու է։
- ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- «Երկու պետություն» բանաձևը միջազգային օրակարգի է վերածվել․ Երևանի կողմից ճանաչումը, կարծում եմ, օրինաչափ է։ Հիշենք, որ Պաղեստինը չզորակցեց Արցախի ժողովրդի իրավունքներին կամ չդատապարտեց Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը․ մյուս կողմից, սակայն, Իսրայելն ուղղակի մասնակցեց պատերազմին, իբրև Ադրբեջանի ռազմական գործընկեր և հայկական Արցախի տարածքների վրա տեղակայեց ռազմական հենակետեր։ Հավասարության կանոնի կիրառման դեպքում նկատի պետք է ունենալ այս հանգամանքները։ Հավելենք, որ միջազգային իրավունքի այն հիմնարար կետերը, որոնք տեղ են գտել պաշտոնական հաղորդագրությունում, սկզբունքով կիրառելի էին նաև Արցախի դեպքում։