Հարցազրույց

««Համլետը» ապրելակերպ է, մարդու տեսակ, էգոյի կատարյալ բացակայություն». Գրիգոր Խաչատրյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Թատերասեր հանդիսատեսը հունիսի 22-ին և 30-ին հնարավորություն ունի վայելելու Գրիգոր Խաչատրյանի բեմադրած «Համլետ» ներկայացման առաջնախաղը Դրամատիկական թատրոնում։ Պրեմիերայից առաջ Radar Armenia-ն զրուցել է ներկայացման բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ։

-17 տարի անց Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Շեքսպիրի «Համլետ» ներկայացումը։ Ինչով է այս «Համլետը» տարբերվում մինչ այժմ ներկայացված «Համլետ»-ներից։

- Եթե թատերախումբը ռեժիսորի գլխավորությամբ ունի հստակ մտահղացում, եթե նրա ականջը դարի զարկերակին է, եթե հասկանում ու զգում է, որ բոլոր ժամանակներից 21-րդ դարը տարբերվում է իր ամեն ինչով, ապա նրանց «Համլետ» - ը հաստատ տարբերվելու է մինչ այդ բեմադրված բոլոր «Համլետ» - ներից։

 - Ի՞նչ նոր ասելիքով է ներկայացումը հանձնվելու հանդիսատեսի դատին։ Ո՞րն է նոր «Համլետի» ուղերձը ժողովրդին։

- Նոր ասելիքներ առհասարակ չեն լինում, ինչ հնարավոր էր ասել և անել, ամեն ինչ արդեն ասվել և արվել է։ Աշխարհում միայն մի բան կա, որ դեռ չի եղել – մեր «Համլետ» -ը։ Մնացած բոլոր հարցերին կպատասխանի հենց ինքը՝ ներկայացումը։

- Արդյո՞ք ներկայացումը արտացոլում է այսօրվա Հայաստանը՝ նաև իր խնդիրներով ու մարտահրավերներով հանդերձ։

- Այո։ Դիտեք ներկայացումը, և հավաստիացնում եմ, որ այնտեղ ամեն ինչ կտեսնեք․ և՛ մտահոգություն մեր հայրենիքի խնդիրներով, գիտակցում, որ ապրում ենք սարսափելի ժամանակներում։

 - Դասական գործին մոտենալիս մտավախություններ, անհանգստություններ չե՞ք ունեցել, որ փոփոխությունները գուցե ընկալելի չլինեն հանդիսատեսի համար։

- Յուրաքանչյուր ժամանակաշրջանում, կարծում եմ, դասական գործերը պիտի խմբագրվեն և վերանայվեն հենց ընկալելիությունը հնարավորինս բարձրացնելու համար։ Ստեղծագործական խումբը առաջնորդվել է հենց այդ սկզբունքով։

  - Ինչո՞ւ է «Համլետի» դերակատարը կին։ Եվ ի՞նչ զգացողություններ ու սպասելիքներ ունեք մինչ առաջնախաղը։

- Միշտ մտածել եմ, իսկ ուսումնասիրություններիս արդյունքում կրկնակի համոզվել եմ, որ Համլետը դեր լինել չի կարող, երբևէ չի եղել ու չի էլ լինի։ Առաջին հերթին դա մտածելակերպ է, ապրելակերպ, աշխարհընկալում, մարդու տեսակ, էգոյի կատարյալ բացակայություն․․․ Դերակատարի համար այս հատկությունները չափազանց կարևոր են։ Այդ խառնուրդը քիչ է հանդիպում։ Լիդիա Գրիգորյանը այդպիսին է։

Մեր սպասելիքները կապված են միայն այն բանի հետ, որ հանդիսատեսը ընկալի, զգա մեզ համար մի շատ կարևոր երևույթ – մեր հարգանքը նրա նկատմամբ՝ որակով և ճաշակով ներկայացման տեսքով։

- Գիտենք, որ Ճապոնիայից հատուկ ներկայացման համար բերվել է կոտո նվագարանը։ Ինչպե՞ս և ե՞րբ առաջացավ ներկայացմանը նվագելու առաջարկը քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին։

- Երբ հասկացանք, որ «Համլետ» ողբերգության մեջ «Գոնզագոյի սպանությունը» հատվածը պիտի փոփոխության ենթարկվի, ես զանգահարեցի Մարիաննային, որին ճանաչում էի որպես մեր ժամանակների լավագույն քանոնահար։ Դեռ չէի հասցրել մտահղացումս մինչև վերջ ներկայացնել, Մարիաննան տեղեկացրեց, որ համերգ է պատրաստում ճապոնացի նշանավոր կոտոահարի հետ, որը հանդես է գալու Երևանում։ Այնպես որ, դրամատիկականի բեմում կոտո գործիքը և Մարիաննա Գևորգյանի նվագելու արվեստը միստիկ պատահականությունների շարքից է, որոնք մեզ հետապնդում էին «Համլետ» - ը բեմադրելու ամբողջ ժամանակահատվածում։

Հայկ Մագոյան