Radar Armenia-ի զրուցակիցը թուրքագետ Նելլի Մինասյանն է։
- Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ։ Երկուստեք ընդգծել են քաղաքական կամքն՝ առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Այս հեռախոսազանգը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։
- Այս հեռախոսազանգը ևս պետք է դիտարկել Հայաստանի և Թուրքիայի միջև առկա գործընթացի պայմաններում։ Ըստ էության, այս հեռախոսազանգը նորություն էլ չէ, քանի որ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում տեղի էր ունեցել հեռախոսազրույց երկու երկրների առաջնորդների միջև՝ կապված Կուրբան Բայրամ և Վարդավառ տոների հետ։ Սա կարող ենք դիտել հերթական գործընթացների շարքում, որը վերջին տարիներին, մասնավորապես՝ 2021-ից սկսած, կա երկու երկրների հարաբերություններում։ Այստեղ քաղաքական կամքի առկայության դեպքում հարաբերությունների կարգավորման թեզին կարող եմ անդրադառնալ՝ նշելով, որ, իսկապես, քաղաքական կամքի առկայության դեպքում, և սա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, հարաբերությունները կարող են կարգավորվել, որովհետև, ըստ էության, Հայաստանը չէ, որ փակել է սահմանը, և Հայաստանը չէ, որ նախապայմանների լեզվով է խոսում։ Կարծում եմ՝ այս հեռախոսազանգը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա հազիվ թե ազդեցություն ունենա, որովհետև 2021-ից սկսած եղել է գործընթաց, հանդիպումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք, ըստ էության, թուրքական կողմը չի կատարում։ Հետևաբար, ես ընդհանուր մոտեցում կցուցաբերեի այս հեռախոսազանգին՝ առանց մեծ սպասելիքների։
- Հերթական անգամ երկու երկրների առաջնորդները շեշտել են առանց նախապայմանների գործընթացը շարունակելու մասին։ Արդյո՞ք Թուրքիայի համար կարևոր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել սահմանը։
- Եթե 2021 թվականից դիտարկենք, ապա իսկապես հերթական անգամ է, երբ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին։ Այստեղ կցանկանամ ընդգծել, որ Հայաստանն անկախությունից ի վեր անընդհատ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված, խոսել է առանց նախապայմանների կազմակերպման մասին և պատրաստ է եղել, և այսօր էլ պատրաստ է։ Խոսքն այստեղ Թուրքիայի մասին է, որովհետև Թուրքիան է միշտ նախապայմաններ ներկայացրել, և իմ կարծիքով՝ թեև այսօր Թուրքիայի ղեկավարությունն ամենատարբեր օղակներով, այդ թվում՝ երկրի նախագահը, խոսում են առանց նախապայմանների գործընթացի մասին, բայց դա այդպես չէ։ Նախապայմաններ կան։ Եվ Թուրքիան շարունակում է նախապայմանների միջոցով ճնշման քաղաքականությունը։ Թուրքիայի համար այս փուլում այդքան էլ առաջնային չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը, որովհետև հակառակ դեպքում մենք կտեսնեինք ուղիղ հակառակ գործընթացը։
- Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան կշարունակի՞ Հայաստանի հետ հարաբերությունները կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, թե՞ ինչ-որ պահի հնարավոր է՝ քայլ առաջ անի, և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն առանց ադրբեջանական գործոնի։
- 2021 թվականից, երբ սկսվեց այս նոր գործընթացը, Թուրքիան անմիջապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որն էլ մի նոր նախապայման է՝ Հայաստանի հետ կապված։ Այստեղ, իհարկե, ավելի խորքային պետք է փորձենք հասկանալ, թե Թուրքիան ինչու է ԼՂ հիմնախնդիրը փոխակերպել մի նոր նախապայմանի։ Թուրքիան ունի կարևոր նպատակներ, հատկապես՝ ակտիվ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում։ Եվ, մանավանդ, 44-օրյա պատերազմի արդյունքում փոխված ստատուս-քվոյի պայմաններում կարողացել է ապահովել իր ներկայությունն ու մասնակցությունը, գուցե նաև՝ ազդեցությունը հարավկովկասյան իրադարձություններին, հետևաբար, այստեղ Թուրքիան կփորձի ավելի ամրապնդել իր դիրքերը։ Թուրքիային հետաքրքիր է տնտեսական և ռազմավարական ծրագրերը, մասնավորապես՝ կոմունիկացիաների հետ կապված։ Եվ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանի հիմքում, իմ համոզմամբ, իրականում դրված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, որովհետև այն նրանց օրակարգից դուրս չի եկել, և այս հարցը տարբեր առումներով փորձում են պահել օրակարգում։ Եվ, իմ կարծիքով, այս տեսանկյունից հենց սա է գլխավոր խնդիրը, որի պատճառով էլ չեն գնում հարաբերությունների կարգավորմանը։
Տեսականորեն, հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ առանց ադրբեջանական գործոնի, եթե Թուրքիան վերջնականապես միջանցքի հետ կապված քննարկումներում հասկանա, որ ինքն առաջընթաց չի ունենալու։ Այսինքն, այս հարցում կան ավելի խոշոր տերությունների դիրքորոշումներ, և Թուրքիան այստեղ խաղարկելու այլ հնարավորություններ չունի։ Այս տեսանկյունից, կարծում եմ, հնարավոր է, որ Թուրքիան մի կողմ թողնի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պրոցեսը և քայլ առաջ կկատարի։ Բայց ներկա աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում, ներկա զարգացումների համատեքստում, կարծում եմ, այն այս փուլի համար դեռևս հնարավոր չէ, և Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը կապել ադրբեջանական գործոնի հետ։
Հայկ Մագոյան