Հարցազրույց

«Կովկաս է թափանցել ՆԱՏՕ-ի երկրորդ ուժը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Ադրբեջանը վերջին օրերին Հայաստանին մեղադրում է սահմանին կրակոցներ արձակելու մեջ, թեև հայկական կողմը մշտապես հերքել է դրանք։ Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ է Ադրբեջանը նման մեղադրանքներ հասցեագրում։ 

- Սա Ադրբեջանի ավանդական վարքագիծն է՝ անհիմն մեղադրել Հայաստանին նախահարձակ լինելու կամ հրադադար խախտելու, հիմա էլ՝ սահմանին լարվածություն ստեղծելու մեջ։ Այս վարքագիծը շարունակվելու է։ Այն, ինչն ինքն է անում փորձում բարդել հայկական կողմին վրա։ Նման պահվածքներ և դրսևորումներ պետք է ընկալել Բաքվի կողմից խաղաղության գործընթացը տորպեդահարելու ընդհանուր կոնտեքստում։ 

- Մյուս կողմից՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու ԱԳՆ մակարդակով խոսվում է մեկ ամսում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հնարավորության մասին։ Կարո՞ղ ենք ասել, որ կրակոցները խաղաղության գնալու՝ Ադրբեջանի մտադրության հերքումն են։

- Լավատեսական հայտարարություններն ու գետնի վրա առկա իրավիճակը հաճախ հակասում են իրար։ Այժմ ևս դրա մեկ պատկերն է․ Բաքուն անվերջ նորացնում է իր նախապայմանները, հետո կանգառ է վերցնում, դարձյալ նոր նախապայման առաջ քշում։ Ուզում է ձեռքբերել առավելագույնն այս ընդհանուր իրավիճակում։ Կրակոցները, կարծում եմ, պիտի ընկալել բանակցային այս մարտավարության պարունակում։

- ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, թե հայ-թուրքական սահմանի անցակետը պատրաստ է, Հայաստանն արել է բոլոր քայլերը, սակայն Թուրքիայից քայլեր չեն տեսել. ինչու՞ է Թուրքիան հապաղում այս հարցում։

- Հայաստանի և Թուրքիայի սահմանը կամ, ընդհանրապես, Անկարա-Երևան հարաբերությունների հաստատումը պայմանավորված են հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունավորման հետ։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանային քաղաքականության կարևորագույն բաղադրիչ է։ Փաստորեն, հակառակ համաձայնությանը, սահանը չի բացվել ո՛չ երրորդ երկրների քաղաքացիների, ո՛չ դիվանագիտական անձանց համար։ Ո՛չ էլ սկսել են Անիի պատմական կամրջի վերանորոգման աշխատանքները։ Այս բոլորը կսկսեն առարկայանալ, երբ հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի։ Իհարկե, լուծում ասելով՝ Անկարան և Բաքուն կհասկանան իրենց պատկերացրածը։

- Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերություններին. արդյո՞ք երկուսն էլ ուզում են Հայաստանի հետ խաղաղություն և հարաբերությունների հաստատում։ Նրանց երկուսի շահերը համընկնո՞ւմ են, թե՞ ոչ։

- Անկարան և Բաքուն Շուշիի հռչակագրով համատեղել ու համակարգել են իրենց շահերը։ Շուշիի հռչակագիրը հայկական գործոնի հարաբերակցությամբ աշխատացնում է «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը։ Ըստ էության, կարծում եմ, Բաքուն բոլոր գործողությունները համաձայնեցնում է Անկարայի հետ։ Իսկ այստեղ պիտի նկատել, մեծ հաշվով, այլ ուղղություն։ Ադրբեջանը խորացնում է իր կախյալությունը Թուրքիայից։ Ավելի հեռահար կտրվածքով՝ Անկարայի հաստատումն է Կովկասում։ Աշխարհաքաղաքական դիտակետից՝ Կովկասը ռուսական տիրույթից հանելու միտումներն են փուլ առ փուլ առարկայացվում։

- Այս համատեքստում՝ խաղաղության հասնելու հարցում համընկնու՞մ են ՌԴ-ի ու Թուրքիայի, նաև՝ ՌԴ-ի և Ադրբեջանի շահերը։

 - 3+3-ը ամենաշատն Անկարայի կողմից է առաջադրվում։ Ճիշտ է, որ Իրանը ևս մասնաբաժին է վերցնում։ Ավելի գլոբալ հայացքով՝ տարածաշրջանը, որը նախապես ռուսական ազդեցության գոտի էր համարվում, հիմա մասնատվում է գլխավոր խաղացողների միջև։ Իսկ մերթ ընդ մերթ պետք է հիշել, որ Կովկաս է մտել ՆԱՏՕ-ի երկրորդ ուժը։ Այն ՆԱՏՕ-ն, որի անդամ են ՌԴ-ի սահմանամերձ երկրները՝ սկանդինավյան կտրվածքով։

Արման Գալոյան