Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։ Նա անդրադարձել է իսրայելապաղեստինյան հակամարտությանը։
- Պարոն Գանտահարյան, կցանկանայի անդրադառնանլ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը. ներկա ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։
- Ներկա ընթացքը նախահրադադարային է։ Չի բացառվում, որ հրադադար լինի․ հիմնական հանգույցը հրադադարի ժամանակավոր բնույթի մեջ է։ Թել Ավիվն ուզում է արմատապես հեռացնել Համասին Գազայի հատվածից և դրանով պայմանավորել հրադադարի համաձայնությունը։ Միջազգային ընտանիքն, այս դեպքում՝ ԱՄՆ-ն, ուզում է փուլային փաթեթի շուրջ համաձայնեցնել կողմերը։ Կա ներիսրայելյան շատ սուր տարաձայնություն, և կառավարության մասնակից ծայրահեղ աջակողմյան տարրերը սպառնում են կազմալուծել կառավարությունը։
- ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե առաջիկա օրերին կպատասխանի հրադադարի առաջարկին. արդյո՞ք Գազայում հրադադարի հաստատումը ռեալ է։
- Կարծում եմ, որ Համասը կհամաձայնի դեպի խաղաղություն ճանապարհային քարտեզի փուլային տարբերակին։ Ավելի շատ ընդդիմացողը այս դեպքում Թել Ավիվն է, որ չի ուզում որևէ համաձայնություն՝ առանց Համասի արմատական լուծարման։ Ռեալ կլինի համաձայնությունը, եթե Իսրայելը ընդառաջի ամերիկյան նախագծին։
Արման Գալոյան