Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Կխնդրեի անդրադառնալ պաշտոնական Բաքվի առաջարկին, որ Հայաստանը ևս դիմի ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի լուծարման համար։ Սա ձեռնտու՞ է Հայաստանին։
- Ադրբեջանը վաղուց էր այս հարցը հետապնդում․ հետևողականորեն ուզում է լուծարել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը։ Սա այն եզակի ձևաչափն էր, որտեղ համատեղվել էին ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան։ Ուկրաինայի պատերազմից հետո դժվար էր պատկերացնելը, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նույն ձևաչափով հակամարտության լուծման համար կարող էին միասին աշխատել։ Ի վերջո, ԵԱՀԿ-ի հետ է կապված հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքները, ընդ որում՝ ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանը այդ հեռանկարը փորձում է չեզոքացնել այս կերպ․ նա ընդհանրապես լուծված է համարում արցախյան հիմնախնդիրը և ուզում է, որ երկու կողմերը միասին դիմեն, որ լուծարվի միջազգային լիազորություն ունեցող միջնորդական այդ գործիքակազմը։
- Նաև հայտնի է, որ խաղաղության պայմանագրի շուրջ հերթական տարբերակի առաջարկն է ներկայացվել Հայաստանից։ Ինչպես ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է»։ Դուք որքանո՞վ եք իրատեսական համարում մինչև տարեվերջ պայմանագրի ստորագրումը։
- Անվերջ խոսվում է, որ կողմերը մոտ են հանգուցալուծմանն ու ընդհանուր համաձայնությանը։ Բայց միշտ էլ այդ «լավատեսությանը» զուգորդվում է չլուծված խնդիրների առկայությունը։ Այս հայտարարությանը հաջորդեցին Ալիևի հնչեցրած նախապայմանները․ հիմնականում վերստին պահանջվում է սահմանադրության փոփոխություն։ Չեմ կարծում, որ խաղաղության համաձայնագրի կնքումը մոտալուտ է։ Բաքուն անվերջ նորացնում է իր նախապայմանները և ընթացքում թելադրում օրակարգ ու կանոններ․ այս հանգրվանին դրանք վերաբերում են սահմանազատմանը։
- Եթե հեռու է պայմանագրի ստորագրումը, ապա ինչպե՞ս հասկանալ Բաքվից նման լավատեսական նոտաները։
- Ադրբեջանի էժանագին մարտավարական խաղն է սա։ Լավատեսական հայտարարություններ անել, զուգահեռ նոր նախապայմաններ առաջադրել։ Հաղթանակած կողմի մարտավարություն է՝ առավելագույն կետեր գրանցելու և վաղուց ծրագրած պլաններն իրականացնելու համար։ Հիմնական նախապայմանը դեռևս չի վերարծարծվում․ դա իրենց պատկերացմամբ «զանգեզուրյան միջանցքն» է, որը, անպայման, իբրև նախապայման վերադառնալու է՝ հաղորդուղիների ապաշրջափակման տեսքով։
- Դուք էլ անդրադարձաք սահմանադրությունը փոփոխելու՝ Ալիևի պահանջին։ Այս առումով ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ սահմանադրության վերաբերյալ վերապահումները և փոխելու մասին խոսույթը։
- Դա նույն մարտավարական խաղի հերթական արարն է։ Սահմանադրության փոփոխությունը նաև Անկարայի պահանջն է, և այստեղ թուրք և ադրբեջանական տանդեմը գործում է համաձայնեցված։ Անվերջ նորացվող նախապայմանների շղթայի մեկ օղակն է սա, ինչը, կարծում եմ, ըստ էության, տորպեդահարում է խաղաղության գործընթացը։
Արման Գալոյան