Հարցազրույց

«Անկարայի առաջադրած 3+3-ը կասեցնում է ԱՄՆ-ն». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Նիստին չի մասնակցում Հայաստանի պաշտպանության նախարարը։ Ձեր կարծիքով՝ այս պրակտիկայի շարունակականությունն ինչ ազդեցություն կունենա Հայաստան-ՀԱՊԿ և Հայաստան-ՌԴ հարաբերությունների վրա։

- ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը  տեղեկացրել է, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը։ Նա բացատրել է, որ «սահմանափակ ձևաչափ»՝ նշանակում է «առանց Հայաստանի մասնակցության»։ Սա նշանակում է, որ Երևանը շարունակում է կաթիլային կշռույթներով ՀԱՊԿ-ի անդամակցության առկախման գործողությունները։ Մյուս կողմից, Մոսկվան փորձում է դրական երանգները պահպանել՝ ասելով, որ Երևանը կողմ է սահմանափակ մասնակցությանը։ Այս վարքագիծը շարունակվում է։ Հայկական կողմը պահպանում է անդամակցության և հեռացման արանքային դիրքը։ Այս պահի դրությամբ՝ չեմ կարծում, որ կտրուկ ազդեցություն կունենա այս բոլորը Մոսկվայի հետ հարաբերություններում։ Հարաբերությունները կընթանան ներկա վայրիվերումներով։

- ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում։ Ձեր կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում որքանո՞վ են Թուրքիայի և ԱՄՆ տեսակետները նույնական։

- ԱՄՆ-ի առաջադրածը հայ ադրբեջանական հարաբերություններում ռուսական գործոնի դուրս մղումն է․ դա տեսանելի է նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետի գործարկման դեմ արգելանքով, սահմանազատման գործընթացի երկկողմ ձևաչափով, ռուսական սահմանապահների հեռացումով և նման հանգրվաններով։ Մինչ Անկարան առաջադրում է 3+3-ը, որտեղ լինելու է նաև Մոսկվան, բայց, ըստ էության Թուրքիան ստանձնելու է միջնորդի կամ երաշխավորի տարածաշրջանային դեր, ընդ որում՝ հայ ադրբեջանական հակամարտության լուծման գործընթացում։ Կարծում եմ՝ կարևորագույն տարբերությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այս առումով ՌԴ-ի գործոնի ուղղությամբ է։ Փաստորեն, 3+3-ը չի գործարկում։

- Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին հայտարարել է, որ Իրանը հանձնառու է արդյունավետ դեր խաղալ Կովկասում անվտանգության և կայունության պահպանման գործում։ Ինչ զարգացումներ կարող են լինել Իրան-Հայաստան հարաբերություններում։

- Տարածաշրջանում Իրանի և ՀՀ-ի շահերի համընկնման կետեր են նկատվում։ Դա Սյունիքի կարգավիճակն է կամ ՀՀ-ի տարանցիկությամբ Իրանի ապաշրջափակման միտումներն են։ Սյունիքում իրանյան հյուպատոսության աշխատելն ու Թավրիզում ՀՀ հյուպատոսություն բացելու որոշումը երկկողմ հարաբերություններում կարևոր ցուցիչներ են։ Ծոց-Սև ծով ցամաքային կապը Իրանի համար կենսաճանապարհ է, որտեղ Հայաստանը կստանա տարանցիկ կարգավիճակ։

Հայկ Մագոյան