Հարցազրույց

«Շարժման միակ հույսը քաղաքացիական բախումն է, արյունահեղությունը». Աթանեսյան

Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է․ 

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հաշվի առնելով նրա՝ վարչապետ դառնալու հետ կապված սահմանադրական արգելքը։

- Շարժումը մի նպատակ է հետապնդում՝ թույլ չտալ, որ Հայաստանը հարաբերությունները կարգավորի Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

- Խոսվեց վարչապետին անվստահություն հայտնելու մասին, որին աջակցում են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ վրա է դրել հույսը Բագրատ արքեպիսկոպոսը, եթե ՔՊ խմբակցության պատգամավորները հայտարարում են, թե խոսելու բան չունեն նրա հետ։

- Շարժման միակ հույսը քաղաքացիական բախումն է, արյունահեղությունը: ՀԱՊԿ -ը նման դեպքերում ուղղակի միջամտության հնարավորություն ունի: «Անցումային վարչապետը» դիմակայության իրավիճակում կարող է դիմել ՀԱՊԿ-ին և օգնություն խնդրել, որպեսզի օտար ռազմական միջամտությամբ իշխանության տիրանա: Այլ հնարավորություն նա չունի:

- Ըստ էության, ամբիոնից հնչում է բացառապես իշխանափոխության մասին, բայց բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում։ Ձեր կարծիքով՝ եթե Հայաստանում նոր իշխանություն լինի, կկարողանա՞ փոխել Ադրբեջանի քաղաքականությունը և կասեցնել սահմանազատման գործընթացը այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը դուրս բերի զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։

- Շարժման նպատակը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը, ամրապնդումը չէ: Դա կոլաբորացիոնիստական պրոյեկտ է, որի նպատակը Հարավային Կովկասում Իլհամ Ալիևի «փոխարքայության» պայմանով Ռուսաստանի ամբողջական վերահսկողության հաստատումն է:

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Ձեր կարծիքով՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումները կարո՞ղ են սահմանին նոր լարվածության պատճառ դառնալ։

- Այդ շարժումը բոլոր առումներով բացառիկ նվեր է Իլհամ Ալիևին: Եվ նա, բնականաբար, ձգտում է գեներացիայի: Այստեղ արտառոց ոչինչ չկա:

Հայկ Մագոյան