Հարցազրույց

«Տեսանելի են Թեհրանի և Երևանի շահերի համընկնման կետեր». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած ողբերգության առնչությամբ տարբեր վարկածներ շրջանառվեցին։ Ձեր կարծիքով՝ աշխարհաքաղաքական, ինչպես նաև Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները առիթ տալի՞ս են մտածելու, որ սա կարող է ահաբեկչություն լինել։

- Պաշտոնական Թեհրանը չի խոսում ահաբեկչության կամ խափանարարության մասին։ Ոչ պաշտոնական կենտրոնները չեն բացառում․ կա ուղղակի մեղադրանք Իսրայելին որոշակի շրջանակների կողմից։

- Իրանի քաղաքական կարևորագույն պաշտոններում փոփոխությունները ի՞նչ փոփոխություններ են ենթադրում արտաքին քաղաքականության առնչությամբ։

-  Չեմ կարծում, որ արտաքին քաղաքականությունում կլինեն կտրուկ փոփոխություններ։ Իրանի թիվ 1 դեմքը երկրի հոգևոր առաջնորդն է և ինքն է ճշտում ընդհանուր քաղաքականությունը։ Սակայն չի բացառվում կադրային կարևորագույն փոփոխություններ։ Արևմուտքի հետ սկսված հարաբերությունների ապալարվածությունը շարունակվելու է։ Փոփոխության ընդհանուր կուրսը կլինի դանդաղ, փուլային, առանց ցնցումների։ Տարածաշրջանում կլինեն նոր գործընթացներ՝ համոզիչ դարձնելով, որ դրա հետևում կանգնած են ԱՄՆ-ն ու Իրանը, ինչպես Լիբանան-Իսրայել ծովային սահմանազատումը կամ Գազայի հակամարտության կարմիր գծերի ճշտումը, կամ պատերազմին լայնածավալ տարողություն չապահովելը, այնպես էլ Էր Ռիադ-Թեհրան հարաբերությունների մեկնարկը։

- Արդյո՞ք հնարավոր է Իրան-Հայաստան հարաբերություններում կտրուկ տեղաշարժեր լինեն, և իրանական կողմը փոխի մոտեցումները՝ հաշվի առնելով Ռայիսիի և Ալիևի վերջին հանդիպումը և Ալիևի հայտարարությունը, թե հույս ունի, որ կիրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

- Իրանը, կարծում եմ, չափազանց անհանգիստ է իր սահմանամերձ տարածքներում իսրայելյան հենակետերի տեղադրումից։ Եթե հաստատվի խափանարարության վարկածը, ապա դա կլինի Ադրբեջան-Իսրայել միացյալ պատասխանատվությամբ։ Մյուս կողմից, կա ծագումով ազերի ազգաբնակչության գործոնը Իրանում, որի հետ հաշվի է նստում Թեհրանը։ Ուղղաթիռում զոհվածների շարքին էին Թավրիզի նահանգապետն ու հոգևոր առաջնորդի Թավրիզի լիազոր ներկայացուցիչը։ Կարծում եմ՝ երկուսն էլ դերակատար էին Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու որոշմանը։ Սա ուղղակի կապվում է Սյունիքում իրանյան հյուպատոսության բացելուն, ինչը կտեղավորվի Հայաստանի հետ Իրանի սահմանային կարգավիճակը անփոփոխ պահելու մեջ։ Այս դեպքում նկատվում է Թեհրանի և Երևանի շահերի համընկնման կետ։ Չի բացառվում, որ թափ հավաքի Ծոց-Սև ծով ցամաքային հաղորդուղիների հարթեցման աշխատանքները։ Սա ևս բխում է երկու երկրների շահերից։

Հայկ Մագոյան