Հարցազրույց

«Տարածաշրջանում իրադարձությունները կգնան միջքաղաքակրթական բախումների շղարշի տակ». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է։ Հաշվի առնելով սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականություն տեսնու՞մ եք։

- Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը թուրք-ադրբեջանական դաշինքի համար «պատմական» հնարավորություն է․ դրա համար էլ Անկարայից և Բաքվից միակողմանի գնահատականներ են հնչում։ Հանգամանքներն այսպես են՝ Ադրբեջանը լուծված է համարում Արցախի խնդիրը, ներխուժել է հայաստանյան ինքնիշխան տարածք և հայտարարում է, որ սահմանազատման գործընթացն ընթանում է իր ճշտած կանոններով։ Սրա համար էլ «պատմական հնարավորություն» ձևակերպումն են օգտագործում՝ գնդակը հայաստանյան դաշտ գլորելով։ Իհարկե, սա դժվար տարանջատելի խնդիր է, որովհետև խոսքը խորհրդարանական մեծամասնության մասին է։ Վրաստանը կանցնի նոր տուրբուլենտ գոտիների։ Տարածաշրջանում և, այս դեպքում, Վրաստանում պայքարը կգնա միջքաղաքակրթական պատերազմի տարազի տակ։ 

- ԱՄՆ-ի, ԵՄ-ի և եվրոպական 14 երկրների օրենսդիրները խոստանում են քրեական պատասխանատվության ենթարկել Վրաստանի կառավարության պաշտոնյաներին և օրենսդիրներին, որոնք ներգրավված են օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման և խաղաղ ցուցարարների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ: Ձեր կարծիքով՝ օրենքի ընդունման պարագայում ԵՄ-ն Վրաստանին կզրկի՞ անդամության թեկնածուի կարգավիճակից, թե՞ այլ գործիքակազմ կկիրառվի Վրաստանին «պատժելու» համար։

- Հարցում ճիշտ ձևակերպում եք արել, ինչը երանգային նշանակություն ունի։ Պատժամիջոցներով ԱՄՆ-ն ու ԵՄ-ը սպառնում են օրենսդիրների և պաշտոնյաների, որոնք կողմ են խնդրահարույց օրենքին։ Պատժամիջոցներն ուղղվելու են անձանց, ոչ թե պաշտոնական Թբիլիսիին։ Հավաքական Արևմուտքը շարունակում է պայքարել, որ վրացական գնացքը մնա դեպի Բրյուսել տանող երկաթգծի վրա։

- Հատկապես Պուտինի երդմնակալությունից հետո նրա այցը Չինաստան ի՞նչ նպատակ է հետապնդում, և այս համատեքստում ի՞նչ զարգացումներ կլինեն ՌԴ-Արևմուտք, ՌԴ-Ուկրաինա մրցապայքարներում։

- Մեկուսացման և պատժամիջոցների ենթարկվող ՌԴ–ն, պարզ է, պիտի որոնի տնտեսական և ռազմավարական նոր գործընկերներ։ Չինաստանը այդ առումով ամենաառաջադրելին է Մոսկվայի համար։ Թիրախում կան նաև այլ հանգամանքներ՝ կապված ԲՐԻԿՍ-ի հետ։ Երդմնակալությունից հետո առաջին այցը Չինաստան տնտեսաքաղաքական հատուկ նշանակություն ունի։ Սակայն չեմ կարծում, որ կտրուկ փոփոխություններ կլինեն։ Չինաստանը բևեռի իր կարգավիճակը պահպանելու համար միակողմանի քայլեր չի անում։ Համաշխարհային տնտեսության վրա ազդեցիկ ուժ է և կիրառում է բազմաուղի տնտեսություն։

Հայկ Մագոյան