Հարցազրույց

«Չկա այդ կրիտիկական զանգվածը և առաջնորդը, որ իշխանության բուրգում ճեղքեր առաջացնի». քաղաքագետ

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։

- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, թե ընդդիմությունը պետք է օգտագործի ողջ գործիքակազմը, և որ իր համար վարչապետի ընդունելի թեկնածուն հենց Գալստանյանն է։ Ինչպես եք մեկնաբանում նրա այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ սահմանադրությունն այլ բան է ենթադրում։

- Կարծում եմ՝ Բագրատ Գալստանյանը շատ ավելի ազնիվ է ժողովրդի հետ, քան Գառնիկ Դանիելյանը, որովհետև, ի տարբերություն Դանիելյանի, Բագրատ Սրբազանը հստակ նշում է, որ ինքը երկքաղաքացի է։ Վարչապետ չի կարող դառնալ, քանի որ դա հակասում է Հայաստանի սահմանադրությանը և օրենքներին։

- Ձեր կարծիքով՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա շուրջ համախմբված մարդկանց կհաջողվի՞ իմպիչմենտի ճանապարհով հեռացնել իշխանությանը։

- Իմպիչմենտ անելու որևէ նախանշան չեմ տեսնում։ Ավելին, նույնիսկ այս փուլում հնարավորություն չեմ տեսնում հարցը մտցնել ԱԺ օրակարգ, որովհետև ընդդիմադիր պատգամավորներից մեկը՝ Իշխան Զաքարյանը, կարծես անհետացել է, և նրան չեն կարողանում գտնել, որպեսզի նրա որոշիչ մեկ ձայնը վճռական նշանակություն ունենա, և հարցը օրակարգ մտցվի։ Բայց եթե անգամ իմպիչմենտի օրակարգով հաջողվի անհրաժեշտ ստորագրությունները հավաքել և հարցը տանել ԱԺ, որևէ նախանշան չեմ տեսնում, որ իշխանության ներկայացուցիչներից պատգամավորներ կմիանան ընդդիմությանը, և այդ ընդդիմադիր շարժմանը կհաջողվի անհրաժեշտ թվով ձայներ ապահովել։ Եվ եթե այդ օրակարգով մտնեն ԱԺ, չի բացառվում, որ կտապալվի այդ գործընթացը, և այլևս 6 ամիս որևէ մեկը չի կարողանա իմպիչմենտի գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ այդպես է նախատեսված օրենքով։ Այնպես որ, ընդդիմությունը փակուղում է․ փորձում են հասարակական ճնշման միջոցով հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանի իշխանական բուրգը տեղի տա, փլուզվի, բայց չկա այդ կրիտիկական զանգվածը և այն առաջնորդը, որ կարողանա իշխանության բուրգում ճեղքեր առաջացնել և, ըստ այդմ, հասնել նրան, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք միանան շարժմանը, կամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Կարծում եմ՝ շարժումը ժամանակի ընթացքում կմարի․ որևէ շանս չեմ տեսնում, որ նրանք հաջողության կհասնեն։ 

- Առհասարակ, շարժմանը հոգևորականի առաջնորդությունը և նրա քաղաքական հայտարարությունները որքանո՞վ են տեղավորվում հոգևորականի վարքականոնի և առաքելության հետ։

- Ինչ վերաբերում է հոգևորականի կողմից այս շարժումը գլխավորելուն, շատ վատ նախադեպ եմ համարում։ Որևէ ժողովրդավարական երկրում նման բան չկա։ Նորմալ երկրում այդպիսի բան չի լինում։ Մի քանի երկրներում է նման բան եղել, որոնց փորձը ամենևին էլ լավը չէ աշխարհի համար։ Մենք չպետք է ընդօրինակենք այն։ Լավ կլիներ՝ եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ չմտներ, քանի որ դա նաև բերելու է իր հեղինակության անկմանը։ Իրենք կարող էին շատ այլ ճանապարհներ փորձել․ իշխանության հետ երկխոսության մեջ մտնելով կամ այլ ճանապարհով հասնել նրան, որ իրենց ձայնը լսելի լինի, իշխանությունն էլ, որոշ դեպքերում, գնար եկեղեցու կողմից բարձրացված հարցերի լուծմանը։ Իսկ այս ճանապարհը, որն ընտրել է հոգևորականը, որևէ լավ բան չի խոստանում առաջին հերթին եկեղեցու հեղինակության համար։ Եվ որքան ես եմ տեղյակ, որոշ եկեղեցականներ կտրականապես դեմ են եղել, որ եկեղեցու կողմից այսպիսի շարժում սկսվի։

Հայկ Մագոյան