Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։
- Բագրատ արք․ Գալստանյանի ղեկավարած շարժումն արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում է։ Հայտարարվեց իմպիչմենտի ճանապարհով իշխանափոխության մասին, անգամ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջ հնչեց։ Ձեր կարծիքով՝ ինչու՞ է այս շարժումը հոգևորականն առաջնորդում։
- Սա ընդդիմության հերթական ակցիան է, որը շարժում անվանելը մեծ պատիվ կլինի։ Իրականում սա նման է այն ակցիաներին, որոնք տեղի են ունեցել նախկինում՝ մի տարբերությամբ, որ այստեղ հոգևորական է մասնակցում և առաջնորդում։ Ամենայն հավանականությամբ, հոգևորականն է առաջնորդում, որովհետև ենթադրվում է, որ մարդկանց առավելագույն քանակ հնարավոր կլիներ հավաքել, եթե շարժմանը եկեղեցին մասնակցի։ Մարդիկ եկեղեցու նկատմամբ վստահությունից ելնելով՝ գուցե հավաքվեն։ Մենք տեսանք, որ Երևանում առաջին օրը, ըստ տարբեր հաշվարկների, 32 հազար մարդ էր հավաքվել։ Եվ այս մոտեցումն ինչ-որ չափով աշխատեց, սակայն գործընթացը որևէ առաջընթաց չունեցավ, և հաջորդող օրերին ակնհայտ էր, որ ևս մեկ անգամ հիասթափություն առաջացավ ընդդիմադիր գործիչների գործունեությունից և մարդկանց քանակը գնալով նվազում է։
- Բագրատ Սրբազանը պատրաստ է հարցերը քննարկել իշխող խմբակցության հետ։ Վարչապետին անվստահություն հայտնելու համար պակասում է 18 պատգամավորի ձայն։ Ձեր կարծիքով՝ նրան կհաջողվի՞ համոզել ՔՊ խմբակցության պատգամավորներին՝ միանալ իմպիչմենտի գործընթացին։
- Կարծում եմ՝ հերթը չի հասնի համոզելուն, որպեսզի իմպիչմենտի գործընթաց սկսվի։ Մեծ հավանականությամբ, հոգևորականին չի հաջողվի նույնիսկ հանդիպել ՔՊ կուսակցության անհրաժեշտ թվով պատգամավորների հետ։ Իմ կարծիքով՝ ավելի մեծ հավանականությամբ մոտ օրերս գործողությունները ևս կդադարեն, քանի որ մարդկանց սակավություն կա։ Գործողությունների համար անհրաժեշտ է ցանցային պայքար, իսկ ցանցային պայքարի համար պետք է մեծաքանակ մարդկանց ներկայություն, համաձայնություն։ Սակայն ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ գործողություններին իր համաձայնությունը չի տալիս։ Գոնե ճնշող մեծամասնությամբ ցույց է տալիս, որ միանալու ցանկություն չունեն։
- Երեկ հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն չպետք է լինի որևէ կուսակցության կամ խմբի անդամ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատրաստակամություն հայտնեց ցանկացած պատասխանատվություն վերցնել։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է իշխանության ղեկին հայտնվի Բագրատ Սրբազանը։
- Չնչին եմ համարում հավանականությունը, որ կարող է այս գործողությունների արդյունքում Հայաստանում իշխանություն փոխվել, առավել ևս, որ այդ իշխանությունը կարող է փոխանցվել հոգևորականի։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ աշխարհիկ պետությունն արժեք է, և չի կարող Հայաստանում կրոնապետություն հաստատվել։ Սա Իրանը չէ։ Առավել ևս, որ Իրանի ժողովուրդը նույնպես, մեղմ ասած, գոհ չէ այն պետությունից, որը տարիներ առաջ է ձևավորել։ Իսկ կոնկրետ այս անձը՝ հոգևորականը, որն առաջնորդում է այս ակցիան, շատ ավելի քիչ հնարավորություններ ունի դառնալ ղեկավար, որովհետև այն չնչին հավանականության դեպքում, որ կարող է՝ հանկարծ Հայաստանում իշխանություն փոխվել, կարծում եմ, նույն պահին կլինեն այլ անձինք, որոնք ուղղակի կխլեն այդ առաջնորդությունը հոգևորականից։ Բայց նորից նշեմ, որ դրա հավանականությունը չնչին է։
Հայկ Մագոյան