Հարցազրույց

«Սահմանազատումն Արևմուտքի ընկալմամբ ռուս սահմանապահների հեռացում է նշանակում». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Եթե ամփոփենք Հայաստանի վարչապետի մոսկովյան այցը և Պուտինի հետ նրա հանդիպումը, ի՞նչ եզրահանգումների կգաք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս սահմանապահները դուրս են գալու Հայաստանի մի շարք հատվածներից ու «Զվարթնոց» օդանավակայանից։

- Հարցերի ուղղությունները այս համատեքստում տարանջատվում են։ Երևանը դադարեցնում է իր ֆինանսավորումը ՀԱՊԿ-ին, միաժամանակ ԵԱՏՄ-ի նիստն է նախագահում։ Մի կողմից՝ երկրի վարչապետը չի մասնակցում ՌԴ նախագահի երդմնակալությանը, մյուս կողմից՝ առանձին հանդիպում է Պուտինի հետ։ Հարաբերությունների ընդհանուր պատկերը մնում է նույնը։ Ամենաուշագրավը ոչ միայն «Զվարթնոց»–ից, այլ նաև որոշ մարզերից ռուս սահմանապահների հեռացումն է։ Կարծում եմ՝ սա ուղղակի կապվում է սահմանազատման գործընթացի հետ։ Դրա համար էլ Արևմուտքը ողջունում է սահմանազատման առաջին արդյունքները։

- Պեսկովը հայտարարեց, թե հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին։ Ինչպե՞ս եք բացատրում այս իրողությունը՝ համադրելով սահմանապահների դուրս գալը մյուս հատվածներից։

- Պեսկովի հայտարարությունը այս առումով կայացած որոշումների մի մասն է։ Պեսկովը չի խոսում օդանավակայանից և մարզերից ռուս սահմանապահների հեռացման մասին։ Մոսկվան գիտակցում է, որ խաղաղության պայմանագրին և Թուրքիայի հետ ընդհանուր սահմանի բացմանը հետևելու է ընդհանրապես ռուս զորքերի հեռացման խնդիր։ Բայց դա անմիջական չէ։ Մոսկվան ունի այլ առաջնահերթություն և չի ցանկանում հիմա նոր խնդիրների մեջ ներգրավվել։ Մանավանդ, որ Թուրքիան ՌԴ-ի համար համարվում է փրկօղակ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումներով։

- Այս իրողությունները հաշվի առնելով՝ ի՞նչ զարգացումներ կլինեն հայ-ռուսական հարաբերություններում։

- Հարաբերությունները կգնան ելևէջներով։ Շատ էր շեշտվում, որ Մոսկվան վերջնագրով կխոսի ՀՀ-ի հետ՝ այս հանգրվանին ճշտելու իր տեղը – ՀԱՊԿ-ի մե՞ջ, թե՞ դրանից դուրս։ Փաստորեն, առկախ վիճակը շարունակվում է, և մեկ ուղղությունը մյուսին չի խանգարում։ Այս ընթացքը կարող է կտրուկ փոխվել Ուկրաինայի պատերազմի ավարտին, ինչը դեռևս տեսանելի չէ։ Արևմուտքը շարունակելու է ռուսական գործոնի դուրսմղման քաղաքականությունը տարածաշրջանում, և այս առումով Հայաստանը խաղատախտակի կարգավիճակում է հայտնվել։

- Ինչպե՞ս կընկալվի Հայաստանի որոշ մարզերից ռուս սահմանապահների դուրս գալը Արևմուտքում։ Արդյո՞ք սա ևս մեկ քայլ առաջ է դեպի ԵՄ։

- Սահմանազատման առաջին հատվածի համաձայնությունը հավաքական Արևմուտքի կողմից ջերմորեն ողջունվեց։ Արևմուտքի համար բանակցությունների երկկողմ ձևաչափն ու այդ բանակցությունների արդյունավետությունն ընկալվում է ռուսական գործոնի փուլային դուրսմղումով։ Սա շարունակվելու միտումներ է դրսևորում։ ԵՄ-ի դիտորդներն ու հարակից առաքելությունները կակտիվանան, և այս բոլորը կընկալվեն և կդիտարկվեն Հայաստանի ռազմավարական գործընկերության դրույթի դիվերսիֆակացման ուղղություններով։

Հայկ Մագոյան