Հարցազրույց

«Արևմուտքն աշխատում է, որ վրացական գնացքը մնա եվրոպական երկաթգծի վրա»․ Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։ 

- Միացյալ Նահանգները հայտարարել է, թե Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է՝ դատապարտելով Վրաստանի խորհրդարանի կողմից առաջ քաշված «արտաքին ազդեցության մասին» օրենքը։ Մի կողմից Վրաստանն ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ, մյուս կողմից՝ խորհրդարանում նման օրենք է քննարկում։ Արդյոք եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանը ճիշտ ուղղությա՞մբ է գնում։

- Վրաստանն ապրում է արևելքի ճգնաժամ։ Թբիլիսին ընտրել էր արևտյան ուղղությունը, հիմա փորձում է հավասարակշռել դիրքորոշումը՝ զգալով այդ ընտրանքի հետևանքները։ Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել է։ Ռուս-վրացական պատերազմի հետևանքները, փաստորեն, շարունակվում են, և հիմա Թբիլիսին փորձում է շարունակել Եվրամիության ուղղությամբ գնալ՝ առանց թշնամանալու ՌԴ-ի հետ։ Այս բալանսը դժվար է իրացնել։ Երևում է իշխանություն-հասարակություն հակասություն, որի վառ ապացույցը զանգվածային ցույցերն են։ Ուղղությունների այս բախումն ընթանում է ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Վրաստանում։ Ցնցումներ, թայմ-աութներ կլինեն, սակայն, կարծում եմ, ԵՄ-ի ուղղությամբ վրացական գնացքը որոշ կանգառներով հանդերձ կշարունակի իր երթը։ Արևմուտքը կաշխատի, որ այդ գնացքը մնա նույն երկաթգծի վրա։

- Վրաստանի կառավարությունում հրաժարվել են ԱՄՆ բարձրաստիճան առաջնորդների հետ ուղղակիորեն քննարկել ամերիկյան օգնության խնդիրները: Վարչապետն էլ հրաժարվել է մեկնել ԱՄՆ, քանի որ նրան պահանջ էր ներկայացվել ժամանակավորապես դադարեցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Ձեր կարծիքով՝ Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները ճգնաժա՞մ են ապրում, թե՞ պարզապես ընթացիկ քաղաքական գործընթացներ են։

- Ճգնաժամ կա, այո՛։ Պաշտոնական Թբիլիսին այսկերպ փորձում է ինքնուրույն քաղաքականություն կիրառել։ Դեպի Արևմուտք իր երթը խորացրել է, ուստի ԱՄՆ-ն Վրաստանի արտաքին քաղաքականության վրա ազդելու ճնշող միջոցներ ունի։ Մանավանդ՝ գիտակցում է, որ կա որոշակի զանգված, ժողովրդային նկատելի բազա, որ տրամադրված է ՌԴ-ի դեմ և ընտրել է Եվրոպայի կամ Արևմուտքի ճանապարհը։

- Ալիևն էլ հայտարարել է, թե Բաքվին և Երևանին միջնորդներ պետք չեն։ Ձեր կարծիքով՝ առանց միջնորդների ներգրավման հնարավորություն կա՞, որ կողմերը հասնեն համաձայնության։

- Ըստ էության՝ այս հայտարարությամբ Ալիևը դուրս է մղում ռուսական միջնորդությունը։ Ալիևն ինքնահակասում է․ մի առիթով խոսում է նոյեմբերյան եռակողմի իրականացման, մի այլ առիթով՝ երկկողմ նոր պայմանավորվածությունների մասին։ Կարծում եմ՝ երկկողմ ձևաչափի հաստատումը Մոսկվայի դուրսմղման առաջադրանքն է ներառում։ Նման հայտարարություն անելով՝ Ալիևն ասում է, որ ոչ միայն սահմանազատման հետ կապված համաձայնություններն են երկկողմ և ուղղակի լինելու, այլ, ընդհանրապես, խաղաղության բանակցությունները։ Արևմուտքի ողջունելը սահմանազատման համաձայնությանը և Մոսկվայի լուռ մնալը, կարծում եմ, լույս կսփռի գործընթացի ենթապատճառների վրա։

- Սահմանազատման աշխատանքներին զուգընթաց՝ ակտիվացել են ռուս-ադրբեջանական շփումները։ Ի՞նչ զարգացումների սպասենք։ ՌԴ-ն լուռ կհետևի՞ սահմանազատման գործընթացի ընթացքին, թե՞ այն վիժեցնելու քայլեր կանի։

- Այստեղ ևս գործընթացները պարզ չեն։ Սահմանազատման առաջին համաձայնությունից անմիջապես հետո Ալիևը հրավիրվել է Մոսկվա, ապա փոխանցել խառն ուղերձներ․ թե՛ հղում արել նոյեմբերյան եռակողմին, թե՛ ասել, որ եթե Երևանը կողմ չէ ռուսաստանյան սահմանապահների կողմից ճանապարհի վերահսկմանը, պետք է բարձրաձայնի, խոսել է նաև միջանցքի միջազգային վերահսկողության մասին։ Անկարայի պատվերով՝ Բաքուն խառն ուղերձներ է հղում և խաղում է ՌԴ-ի և Արևմուտքի արանքում։ ՌԴ-ն տարածաշրջանում դիրքերի պահպանման կռիվ է մղում, և չեմ կարծում, որ ներկա հանգամանքները նկատի ունենալով՝ կգնա Ադրբեջանին դեմ քայլերի։

Հայկ Մագոյան