Հարցազրույց

«Սահմանազատման գործընթացի երկկողմ ձևաչափը խառնել է խաղաթղթերը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Թեև Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից, բայց Ալիևը հայտարարում է, որ եռակողմ հայտարարությունը պետք է հարգվի, Ադրբեջանը կապ ունենա Նախիջևանի հետ՝ միջազգային վերահսկողությամբ ու անվտանգությամբ։ Այս երկու գործընթացներն արդյո՞ք խաղաղության մասին են։

- Սյունիքի ճանապարհի ուղղությամբ կա Մոսկվայի, Բաքվի և Անկարայի միջև համաձայնություն։ Նոյեմբերյան եռակողմին հղում են անում թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան։ Նոյեմբերյան եռակողմը վերաակտիվացնելու բուն նպատակը Սյունիքի ճանապարհի բացումն է ռուսական վերահսկողությամբ։ Ալիևը սահմանազատման գործընթացն սկսեց երկկողմ ձևաչափով՝ շրջանցելով Մոսկվային։ Ալիևն անմիջապես հրավիրվեց Մոսկվա, որտեղ, հավանաբար, համաձայնել են համատեղ արծարծել Սյունիքի ճանապարհի խնդիրը։ Այս հարցը այնքան էլ պարզ չէ, որովհետև անկախ հայկական կողմից արգելակի՝ աշխարհաքաղաքական այլ խաղացողներ կան։

- Առանց խաղաղության պայմանագրի՝ սահմանազատման գործընթացն ի՞նչ ռիսկեր ունի, և հնարավո՞ր է առանց պայմանագրի ամբողջությամբ սահմանազատում և սահմանագծում իրականացնել։

- Սահմանազատումը կիմաստավորվի, երբ առաջին հերթին ադրբեջանական զորքերը հեռանան հայաստանյան ինքնիշխան տարածքներից։ Ներխուժելով և պայման թելադրելով խաղաղության գործընթաց չի լինի։ Անվերջ նոր պայմաններ ու պահանջներ է դնելու Բաքուն, իսկ այս վարքագիծը քանիցս արձանագրվել է։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիևի այցը Մոսկվա, և ի՞նչ զարգացումներ սպասել Մոսկվայից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում։

- Մոսկվան անհանգիստ է հայ ադրբեջանական երկկողմ՝ առանց Մոսկվա համաձայնություններից։ Դրա համար էլ Ալիևին շտապ հրավիրեցին Մոսկվա։ Մոսկվա վերադարձին Ալիևը հղում արեց եռակողմը վերաակտիվացնելուն, Սյունքի ճանապարհը ռուսական վերահսկողությամբ գործարկելուն, և այս առումով հարցի սառեցման պատասխանատվությունը բերվեց հայկական կողմի վրա՝ հարց տալով, որ «եթե հիմա ինչ-ինչ պատճառներով հայկական կողմը չի ուզում, որ զանգեզուրյան միջանցքի վրա ՌԴ սահմանապահ ծառայություն, թող բացահայտ հայտարարի»։

- Արևմտյան մի շարք երկրներ ողջունեցին սահմանազատման հարցում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը, սակայն Ֆրանսիան այդպես էլ որևէ հայտարարություն չարեց։ Ինչպե՞ս եք բացատրում ֆրանսիական կողմի լռությունը։

- Ֆրանսիան մի քանի անգամ հայտարարեց, որ ինքը պաշտպանելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա պարզ չէ՝ այդ ամբողջականությունը պահպանվո՞ւմ է, թե՞ որոշ տարածքներ այդ ամբողջականությունից զիջվում են։ Պարզ չէ, թե ինչ են լինելու հետագա պայմանավորվածությունները։ Անգամ տարածքային ամբողջականության չափագրման միավորներ են փոխվում։ Մշուշոտ գործընթաց է, և գուցե ժամանակ է պետք իմանալու համար, թե ինչ կետերի շուրջ կայացած համաձայնությունների վրա է գնում գործընթացը։ Սակայն կարծում եմ, որ երկկողմ բանակցությունների գործընթացի մեկնարկը հավաքական Արևմուտքի համար նշանակում է ռուսական միջնորդության դուրսմղում։ Առավել ևս, աննկատ չի անցել Տավուշից ռուսական սահմանապահների հեռացումը։

Հայկ Մագոյան