Հարցազրույց

«Իրան-Իսրայել ռազմախաղն ընթանում է ԱՄՆ-ի մրցավարությամբ»․ Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։ 

- Իսրայելը հարված է հասցրել Իրանին՝ ի պատասխան ապրիլի 13-ի հարձակման: Ի՞նչ զարգացումների սպասենք։ Արդյոք Իրանը նոր պատասխան հարված կհասցնի՞ Իսրայելին։

- Պարզ է, որ Իսրայելը պատասխանելու էր, չնայած որ ԱՄՆ-ն զգուշացնում էր չհակադարձել։ Նկատելի է, որ հեռահար, օդում չեզոքացվող ԱԹՍ-ների ռազմաձև է աշխատում երկու ուղղությունով։ Նկատելին այն է, որ պրոկսիզմը վերափոխվել է ուղիղ տարածքների։ Իրանը խախտեց խաղի կանոնը և Իսրայելը համաչափ պատասխանեց։

- Արդյոք Իսրայելի և Իրանի հակամարտությունը կվերաճի՞ լայնամասշտաբ պատերազմի, և նման սցենարի պարագայում՝ ի՞նչ վտանգներ կարող են լինել Հարավային Կովկասի՝ մասնավորապես Հայաստանի համար։

- Չեմ կարծում, որ  տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ լինի։ Բազմաթիրախային, բազմակետային, լոկալ և հիբրիդային ձևաչափարն աշխուժորեն կշարունակվեն առանց վերաճելու լայնածավալի։ Սա երրորդ աշխարհարմարտի ռազմաձևաչափերի տարածումն է տարբեր տարածաշրջանների վրա։ Հարավային Կովկասում Ադրբեջանի աշխարհագրական դիրքի արժևորում կլինի, սակայն Իսրայելի համար ադրբեջանական հենակետերի օգտագործումը կախված է Անկարայից, իսկ Անկարան դա կսակարկի ԱՄՆ-ի հետ։ Այս պահի դրությամբ՝ Անկարայի կախյալությունը Վաշինգտոնից ուժեղացել է։

- Իսրայելական կողմի պատասխան հարվածն, ըստ Ձեզ, համաձայնեցվա՞ծ է Միացյալ Նահանգների հետ, և արդյոք ԱՄՆ-ն կո՞ղմ է նոր պատերազմին։

- ԱՄՆ-ն շարունակում է պահել մրցավարի դերն այս հարցում։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ հետախուզության բաժնի ղեկավարը դիմել է իր թուրք գործընկերոջը, որպեսզի միջնորդի Իսրայել-Իրան հակամարտությունում։ Արդյունքն այն է, որ Իսրայելին ստիպում են պատերազմել բազմաճակատ ուղղություններով՝ Հարավային Լիբանանում, Գազայում, Կարմիր ծովում, հիմա էլ՝ ուղիղ Իրանում։ Իսկ այս բազմաճակատայնացումը վերահսկվում է ԱՄՆ-ից։

- ՌԴ խաղաղապահ զորախումբը ժամկետից շուտ դուրս եկավ ԼՂ-ից։ Այս գործընթացը որքանո՞վ կապ ունի Իսրայել-Իրան հակամարտության հետ։

- ՌԴ-ի՝ Արցախից դուրս գալը դեռևս անպատասխան հարցեր է թողել։ Վաղաժամ է հայտարարելը, որ ՌԴ-ն ընդհանրապես հեռանում է Հարավային Կովկասից։ Կարծում եմ՝ ավելի շուտ Ուկրաինայի պատերազմի հետ է կապված։ Արցախի ամբողջական հայաթափումն իմաստազրկում էր ՌԴ խաղաղապահների ներկայությունն Արցախում, բայց Մոսկվան շարունակում էր հայտարարել, որ մնալու է Արցախում, և դա Մոսկվայի ու Բաքվի որոշելիքն է։ Հիմա իրադարձություններն արագ են ընթանում։ Հարավային Կովկասում ՌԴ-ի ներկայության կամ հեռացման գործընթացները փոխկապակցվում են Ուկրաինայում արձանագրվող ռազմական իրադարձությունների հետ։ 

Հայկ Մագոյան