Հարցազրույց

«Ռուսական զորախումբն ի սկզբանե խաղաղապահ առաքելություն չի ունեցել». Աթանեսյան

Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է.

- Ինչու՞ են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում ԼՂ-ից․ այս իրողությունը նշանակու՞մ է, որ ՌԴ-ի դիրքերը թուլացել են Հարավային Կովկասում։ Ռուս խաղաղապահների հեռանալը ԼՂ-ից նաև չի՞ խոսում այն մասին, որ Ադրբեջանի կշիռը տարածաշրջանում ավելի ազդեցիկ է դառնում։

- Ռուսական զորախումբն ի սկզբանե խաղաղապահ առաքելություն չի ունեցել: Բարդ է ասել, թե ինչու է հատկապես այս փուլում Մոսկվան ԼՂ-ից հեռանալու որոշում կայացրել: Մի կողմից, դա Իլհամ Ալիևին ներքին քննադատությունից ապահովագրելու իմաստ ունի, բայց, կարծում եմ, կան ավելի էական շահեր: Իրան-Ռուսաստան ռազմավարական դաշինքը չի կայացել և չի կայանում: Ռուսական զորախմբի հեռանալու բուն պատճառը, իմ տպավորությամբ, դա է: Պետք է, կարծում եմ, սպասել պաշտոնական Թեհրանի արձագանքին: Ամենամռայլ հեռանկարն այն կլինի, եթե հասկացվի, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ընդհանուր շահեր ունի, որ շոշափում են նաև իսրայելա-պաղեստինյան խնդիրը:

- Ռուս խաղաղապահների հեռացումն ի՞նչ վտանգներ և ռիսկեր կարող է հարուցել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Կարո՞ղ ենք ասել, որ սրանով ամբողջությամբ փակվում է նաև Ղարաբաղից բռնագաղթածների վերադարձի թեման։

- Չեմ կարծում: Ադրբեջանը մնում է Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ռեժիմում․ դա լրջագույն խնդիր է Բաքվի համար, որ նա, երևում է, միայն Թուրքիայի աջակցությամբ չի կարողանում կառավարել: Հարկ է լինելու, որ միջամտի նաև Ռուսաստանը, իսկ դա գին ունի:

- Ակտիվ քննարկվում է սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու և Հայաստանի վերահսկողության ներքո գտնվող գյուղատարածքները Ադրբեջանին վերադարձնել-չվերադարձնելու հարցը։ Ընդդիմությունը սա միակողմանի զիջում է համարում։ Ձեր կարծիքով՝ այս ճանապարհը Ադրբեջանի հետ խաղաղության գնալու ևս մեկ քա՞յլ է, թե՞ միակողմանի զիջում։

- Իմ տեսակետն առնվազն երկու անգամ արտահայտել եմ, կրկնեմ. եթե Տավուշ-Ղազախ հատվածում իրոք սահմանազատում տեղի ունենա, իրավական հիմքը ո՞րն է: Այսինքն, վերականգնվում է հայ-ադրբեջանական՝ խորհրդային ժամանակների բաժանարա՞րը, այն ճանաչվում է միջպետական սահմա՞ն: Սա է գերխնդիրը:

Հայկ Մագոյան