Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- ԱՄՆ-ն կապ է հաստատել մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայում, Չինաստանում և Թուրքիայում, որպեսզի նրանք Թեհրանին հորդորեն զերծ մնալ Իսրայելի հետ հարաբերությունների սրացումներից: Իսրայելի և Իրանի հակամարտությունից կտուժեն ոչ միայն տարածաշրջանի երկրները․ հայտարարել է Պետդեպի խոսնակը։ ԱՄՆ-ին կհաջողվի՞ կողմերին «համոզել» զերծ մնալ էսկալացիայից։
- Խնդիրը փորձենք դիտարկել գլոբալ հայեցակետերից։ Միջինարևելյան տարածաշրջանում խաղի կանոնները, մեծ հաշվով, թելադրում են Վաշինգտոնն ու Թեհրանը։ Սրանք այն երկու գլխավոր խաղացողներն են, որ ձևավորում են ամենաազդեցիկ ենթահողերը։ Եվ եթե տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի չի բռնկվում, պիտի մտածել, որ երկու խաղացողները զսպիչ գործոնի դեր են իրականցնում։ Պրոքսի պատերազմներ, հիբրիդային պատերազմներ և լոկալացված բախումներ լինելու են, բայց կարծում եմ, որ մեծ պատերազմ չի լինի՝ նշածս հանգամանքներով պայմանավորված։
- Այս համատեքստում հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այցելելով F-15 կործանիչների ավիաբազա, ակնհայտորեն ակնարկել է Իրանին՝ հայտարարելով, որ ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը հարված կհասցնի: Ինչպե՞ս իրեն կդրսևորի իրանական կողմը՝ հաշվի առնելով ԱՄՆ-Իրան հարաբերությունները։
- Վաշինգտոն-Թել Ավիվ հարաբերությունները նախկինը չեն․ Գազայի պատերազմի տարբեր արարներին պարզ դարձավ, որ քաղաքական, դիվանագիտական առումներով Իսրայելը նախկին բացարձակ պաշտպանվածությունը չի վայելում։ ՄԱԿ-ում Թել Ավիվի ներկայացուցչի հնչեցրած պահանջներն ու հայտարարությունները, հատկապես՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականի պահանջի տեսքով, մնացին անարձագանք։ Գազայի հետ կապված հրադադարի նախագծի քվեարկության համապատկերները խոսուն են այդ իմաստով։ Հոլոքոսթի մենաշնորհն ունեցող Իսրայելը այսօր դատվում է իբրև ցեղասպանական գործողություններ իրականացրած պետություն։ Զուգահեռ, Վաշինգտոն-Թեհրան լարված հարաբերությունները վերափոխվել են, և կարծում եմ՝ այն զգացվում է ինչպես միջին Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում։
- Պուտինն էլ հայտարարել է, թե Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել։ Ըստ նրա՝ հակառակորդն ինքն իրեն փակուղի է մտցրել՝ հրաժարվելով բանակցություններից և հույս ունենալով հաղթել մարտի դաշտում։ Ձեր կարծիքով՝ Միացյալ Նահանգներում ընտրություններից հետո ինչպե՞ս կզարգանա ռուս-ուկրաինական հակամարտությունը։
- Ուկրաինայի պատերազմի երկարատևությունը հետևությունների տեղիք է տալիս։ Մոսկվան չի հասցնում ավարտել իր առաջադրանքները, Ուկրաինան էլ վերածվել է հարթակի՝ հավաքական Արևմուտքի կողմից ՌԴ-ին հարվածելու։ Չեմ կարծում, որ ընտրություններից հետո բեկումնային փոփոխություն կլինի ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Ուկրաինայի պատերազմին առընթեր ՆԱՏՕ-ի ուժերի՝ Ռուսաստանի սահմանամերձ երկրներում հայտնվելը խոսում է աշխարհակարգային համաձայնությունների խախտման մասին։ Իսկ նոր աշխարհակարգը դեռ չի ձևավորվել, և այդ ուղղությամբ գործընթացները շարունակվելու են։
- Տեղի ունեցող այս գործընթացները Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա, ի՞նչ ազդեցություն և հետևանքներ կարող են ունենալ։
- Հայաստանը ևս հայտնվել է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի հարթակներում։ Սյունիքը դրա վառ ապացույցն է, որտեղ աշխույժ են թե՛ Իրանը, թե՛ Մոսկվան և թե՛ հավաքական Արևմուտքը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի տեսքերով։ Որոշ ժամանակ հետո գնալու են փոխհակակշռման փիլիսոփայության հիման վրա հիմնված գործողություններ, ինչը հանգեցնում է ստատուս-քվոյի։ Աշխարհաքաղաքական մրցապայքարը տարածաշրջանում կշարունակվի, ընդ որում՝ Հայաստանի ուղղությամբ։
Հայկ Մագոյան