Հարցազրույց

«Բաքվում հասկանում են՝ Արևմուտքը խնդիր է դրել տարածաշրջանում վերականգնել ուժերի հավասարակշռությունը». Ադամյան

Radar Armenia-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է

-Հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվ քննարկվում են 4 գյուղերը վերադարձնել-չվերադարձնելու հարցը։ Իշխանությունը պնդում է, որ դրանք 29․800 կմ²-ի մեջ չեն, ընդդիմությունը՝ միակողմանի զիջում համարում։ Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս գործընթացում։ Արդյո՞ք ճիշտ մոտեցում է որդեգրել Հայաստանը՝ վերադարձնել այդ գյուղերը, երբ Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ Հայաստանի տարածքներից։

-Վստահաբար, խնդիրը բնավ էլ 4 գյուղերը չեն, հարցը Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, գոյությանն է վերաբերում: Սահմանագծման և սահմանազատման հարցում «Հանրապետությունը» կողմնակից է Պրահայում ընդունված քառակողմ հայտարարության սկզբունքներով հարցի լուծմանը: 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մեջբերում․ «Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում՝ մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»: 

Հարց է ծագում՝ ինչու՞ սահմանազատման հանձնաժողովները սկսեցին ԵՐԿԿՈՂՄ հանդիպումները՝ առանց Բրյուսելի: Ինչու՞ ԵՄ քաղաքացիական առաքելությունը զրկվեց սահմանային հանձնաժողովներին աջակցելու հնարավորությունից: Այսօր փաստ է, որ սահմանազատման հանձնաժողովների՝ երկկողմ ձևաչափով աշխատանքը ձախողվել է: Ի սկզբանե ակնհայտ էր, որ երկկողմ ձևաչափում Ադրբեջանը թիկունքին ունի Ռուսաստան ու Թուրքիա, Հայաստանը մենակ է: 

Դեռ 2020-ին «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ հրադադարի հաստատումը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ՝ ՀՆԳԱԿՈՂՄ՝ ներառելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Այդ պարագայում իրադարձությունները բոլորովին այլ զարգացում կունենային, և Արցախում չէին հայտնվի ՄԻԱՅՆ ռուս խաղաղապահները (համենայն դեպս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր սկանդինավ խաղաղապահների տեղակայում), ի հետևանս՝ չէր հայաթափվի Արցախը: Եվ հետագա բոլոր գործընթացներում կարևորել է խնդիրների ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ապահովելու համար Հայաստանի դուրսբերումը Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա տոքսիկ եռանկյունուց, որտեղ չեն կարող ընդունվել ոչ Արցախի, ոչ Հայաստանի շահերից բխող որոշումներ, որովհետև այդ երկրներն ունեն Հայաստանի շահերի հետ չհամընկնող սեփական միասնական շահեր: 

Հիմա ՀՀ-ի խնդիրը պետք է լինի սահմանազատումը իրականացնել պրահյան հիմնարար սկզբունքները ընդունելուց հետո միայն։ Առանց փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ սահմանազատումը ոչ միայն նոր պատերազմը չի կասեցնի, այլև կարող է պատճառ դառնալ նոր ագրեսիաների ու պատերազմի: Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է հայկական օկուպացված տարածքների վերադարձ: Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհում առաջին երկրները չեն, որ սահմանազատում են իրականացնելու: Կա միջազգային փորձ, որ սահմանում է սահմանազատման որոշակի կանոններ, իմա՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհների, նավթատարների, գազատարների, տարածքի բնակիչների կենսագործունեության ապահովման՝ խոտհարքների, արոտավայրերի և այլ գործոնների, այնպիսի բաժանումը, որը լինի երկարատև ու հետագա կոնֆլիկտներ չհարուցի: Ակնհայտ է, որ Ադրբեջանին ոչ թե կենսականորեն պետք են իր երբեմնի 4 գյուղերը, այլ՝ սահմանազատման գործընթացների անհապաղ պահանջով նպատակ ունի ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, հնարավորինս արագացնելով ենթադրյալ իշխանափոխությունը և Հայաստանում այնպիսի ուժերի իշխանության գալը, որ առանց քննարկումների կհանձնեն և՛ Մեղրիի միջանցքը, և՛ 4 գյուղերն ու բոլոր տարածքները: Այսինքն, նպատակը Հայաստանի մասնատումն է և ինքնիշխանության վերացումը: Դիմակայել այս մարտահրավերներին Հայաստանը կարող է միայն Արևմուտքի աջակցությամբ, այլընտրանք և ժամանակ չի մնացել:

-Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։ Ի՞նչ սպասենք ապրիլի 5-ին։ Ի՞նչ մեսիջներ է փոխանցում հանդիպման փաստն Ադրբեջանին, երբ ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է։

-Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը աննախադեպ ձևաչափ ունի՝ մեկտեղում է ԱՄՆ Պետդեպարտամենտը և Եվրահանձնաժողովը, իմա՝ գործադիր իշխանությունները: Սա չափազանց կարևոր նրբերանգ է: Առավել ևս, Եվրախորհրդարանի հայտնի բանաձևից հետո և ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ: Ի՞նչ ակնկալել Բրյուսելից: Դժվար չէ եզրակացնել, որ եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ը նման հանդիպում են ծրագրել, ունեն հստակ առաջարկներ և որոշակի ճանապարհային քարտեզ՝ այդ առաջարկները իրագործելու համար: Հարց՝ ի՞նչ փաթեթով է հանդիպման գնում ՀՀ-ն: Միանշանակ, հանդիպման առանցքում պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը: 1.ՀՀ վարչապետը Բրյուսելում պետք է ԵՄ անդամի թեկնածության հայտ ներկայացնի: 2.ՀՀ վարչապետը Բրյուսելում պետք է ևս մեկ հանդիպում ունենա՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ խորացված համագործակցության համաձայնագիր նախապատրաստելու: 3.ՀՀ վարչապետը պետք է տարածաշրջանային անվտանգության հաստատման առաջարկների փաթեթ ունենա, միաժամանակ՝ ռազմաքաղաքական համաձայնագրերի կնքման առաջարկներ ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների հետ (Ֆրանսիայից հետո՝ Հունաստան, Կիպրոս, Լեհաստան)՝ մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելը ապահովելու իր պաշտպանունակությունը, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերումը և ուսուցումը, ՀՀ ազգային բանակի վերակազմավորումը ՆԱՏՕ-ի ստանդարտներով ու ռազմարվեստով: 4.ՀՀ վարչապետը պետք է տարածաշրջանային տնտեսական զարգացման փաթեթ ունենա, որ ունի Հայաստանը միջազգային տնտեսական ծրագրերում ներառելու հնարավորությունների մանրամասն մեխանիզմներ: ՀՀ-ն պետք է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ ունենա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման նոր համաձայնագրեր, որոնք հնարավորություն կտան անցնցում դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ միջանկյալ հատվածում ապահովելով հայկական արտադրանքի սպառման շուկաներ ու արտադրության վերակազմավորում միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանքի համար՝ ներգրավելով նոր տեխնոլոգիաներ ու ներդրումներ: Բրյուսելից հետո Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու գործընթաց սկսի: Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո, եթե հաջողությամբ համաձայնեցվի ողջ օրակարգը, սկսի գործել ճանապարհային քարտեզը, Ադրբեջանն ինքն է շահագրգիռ լինելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ հակառակ Ռուսաստանի բուռն դիմադրության ու սպառնալիքների: Եվ համաձայնագիրը գործելու է, որովհետև ունենալու է երաշխիքներ ու երաշխավորներ, որովհետև երբ Ադրբեջանը թիկունքում ունի Թուրքիա ու Ռուսաստան, Հայաստանի թիկունքում լինելու են ԱՄՆ-ն և ԵՄ-ը: Եվ դա բնավ աշխարհաքաղաքական առճակատման ևս մեկ դաշտ չի դարձնելու Հայաստանը, այլ դարձնելու է դիմադրունակ ու պաշտպանունակ: 

Բնականաբար, Ադրբեջանից և Ռուսաստանից արդեն հնչել են հայտարարություններ, որ պատճենում են միմյանց և մեղադրում են ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կողմնակալ դիրքորոշման և տարածաշրջանում իրավիճակը սրելու մեջ: Բնավ անսպասելի չեն այս հայտարարությունները, որովհետև արևմտյան հարթակներից հրաժարվող ու խաղաղության համաձայնագիրը նույնպես գործնականում բոյկոտող Բաքվում հասկանում են, որ Արևմուտքը խնդիր է դրել տարածաշրջանում վերականգնել ուժերի հավասարակշռությունը, իմա՝ մեծացնել Հայաստանի ռազմական և տնտեսական անվտանգությունը, դիմադրունակությունը, որից հետո արդեն Ադրբեջանն է ձգտելու խաղաղության ու կայունության: Նկատի ունեցեք նաև, որ հնարավոր ռազմական ագրեսիայի պարագայում Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի աջակցությունը հրապարակային քաղաքականության մակարդակով, այլևս զինակից չի ունենալու Թուրքիային, որ 2020-ի պատերազմում իրական հաղթողն էր՝ Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ: Թուրքիայի տնտեսությունն այն վիճակում չէ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակի շուրջբոլորը պատերազմելու քաղաքականությունը: Թուրքիան, խուսափելու համար դեֆոլտից, ինքնատիպ վերադարձ է անում դեպի Արևմուտք և վերստին ԵՄ անդամակցության հեռանկարներին է ապավինում: Պատահական չէ, որ վերջերս Թուրքիայից այլևս «Զանգեզուրի միջանցքի» մասին չեն խոսում և հայտարարում են, որ տարածաշրջանում խաղաղության կողմնակից են: Այս պարագայում Ադրբեջանն ինչ-որ պահից դադարելու է կատարել ՌԴ հրահանգները, որոնք հակասում են իր իսկ շահերին, որովհետև Ադրբեջանում էլ կան տնտեսական խնդիրներ․ ինչպես թուրքական լիրան, ադրբեջանական մանաթը ևս անվերջ անկման մեջ են, պատերազմող ՌԴ-ն ոչինչ անել չի կարող, ֆինանսները և տեխնոլոգիաները Արևմուտքում են: Ուստի Բաքուն այլևս չի կարողանալու Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարախաղացությունը շարունակել․ ինչ-որ պահից ընտրություն են հարկադրելու երկու կողմից էլ:

Հայկ Մագոյան