Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։ Այս մակարդակի հանդիպումը ինչ նշանակություն կունենա՝ Հայաստանի անվտանգային ռիսկերը չեզոքացնելու տեսանկյունից։
- Կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքը համակարգում է իր քաղաքականությունը։ Ավելի ճիշտ, դերերի բաշխում է եղել Վաշինգտոնի և Բրյուսելի միջև։ Եռակողմ համագործակցության մեխը ռուսական ազդեցության չեզոքացումն է։ Բնականաբար, սա անհանգստացնող է Մոսկվայի համար։ Պարզ չէ, թե ՌԴ-ն ինչ հակազդեցություն կունենա։ Հռոմի ստատուտին միանալը, «Զվարթնոց»-ից ռուսական ուժերի հեռացման պահանջը, ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցումը այս շղթայի օղակներն են, որոնք համալրվելու են՝ ներկա գործընթացները նկատի ունենալով։ Տարածաշրջանում Վաշինգտոնն ու Բրյուսելը ճշտում են քաղաքական ժամացույցի սլաքները։
- Զախարովան հայտարարել է, թե վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են արևմտյան էմիսարները հայկական ուղղությամբ, և նրանց ջանքերը ուղղված են Մոսկվա-Երևան կապերի արժեզրկմանը, իսկ իդեալական վիճակում՝ ամբողջական խաթարմանը։ Ձեր կարծիքով՝ Մոսկվան վախենու՞մ է, որ Հայաստանը կդառնա ԵՄ անդամության թեկնածու և կխզի դաշնակցային հարաբերությունները։
- Իհարկե, այս բոլոր գործընթացները թիրախավորել են ռուսական գործոնը։ Բնականաբար, Մոսկվան անհանգստանում է արևմտյան երկրների տարածաշրջանային ակտիվացումից։ Այնպես պիտի ընկալել, որ ոչ թե Հայաստանն է դիմում Եվրամիությանը, այլ հակառակ ուղղությունն է աշխատում։ Հայաստանը հարթակ է՝ ռուսական գործոնի դուրս մղման կամ տարածաշրջանում հակակշիռ հենակետեր տեղադրելու համար։
- Տարածաշրջանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Այս այցն ի՞նչ մեսիջներ էր պարունակում, և ու՞մ էին հիմնականում ուղղված դրանք։
- Տարածաշրջանային այց էր, և ՆԱՏՕ-ն այսպիսով ուզում է գործակցությունը խորացնել տարածաշրջանային երկրների հետ։ Թբիլիսին արդեն որոշ ճանապարհ է անցել։ Բաքուն ՆԱՏՕ-ի երկրորդ ուժի կրտսեր եղբայրն է, իսկ Հայաստանի ուղղությամբ կիրառվում է նոր թափանցման ակտիվ քաղաքականություն։ Այնտեղ ուղերձ կար երկու կողմերին, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանը։
- Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի սկզբին Փարիզում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, իսկ Վլադիմիր Պուտինը, կրկին մայիսին, կայցելի Չինաստան։ Այս այցերն ի՞նչ գործընթացների մասին են խոսում։
- Երանգային տարբերություն կա այստեղ․ Չինաստանի նախագահը այցելում է Ֆրանսիա, մինչդեռ ՌԴ-ի նախագահը ինքն է մեկնում Պեկին։ Էականը, սակայն, այն է, որ Չինաստանը շարունակում է տնտեսական բևեռի իր հանգամանքը բալանսավորել հակադիր առանցքների միջև։ Իսկ այս վարքագիծը շարունակվելու է։ Չինաստանի դիրքորոշումներն ու զորակցությունները միանշանակ չեն լինելու։ Փոխհակակշռման կարգավիճակը կշարունակվի։
Հայկ Մագոյան