Հարցազրույց

«ՆԱՏՕ-ն փորձում է լրացնել Հարավային Կովկասում անվտանգային վակուումը». Արմեն Վարդանյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։

- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան ավարտվում է Հայաստան այցելությամբ։ Սա ինչպե՞ս եք բացատրում և, առհասարակ, ի՞նչ նշանակություն ունի Ստոլտենբերգի այցը։

- Այցը Հայաստանում ավարտելու հետ կապված հատուկ բան չեմ տեսնում․ նորմալ պրակտիկա է։ Այստեղ թաքնված կամ այլ մեսիջ չպետք է փնտրել։ Ինչ վերաբերում է  այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերին, ակնհայտ է, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ վակուում է առաջացել, և ՆԱՏՕ-ն փորձում է լրացնել դա։ Նշենք, որ այդ վակուումը նաև առաջացել է Ռուսաստանի թողտվությամբ, անգործությամբ, և այժմ ՆԱՏՕ-ն փորձում է հարավկովկասյան երեք երկրների հետ ավելի խորացնել հարաբերությունները՝ նպատակ ունենալով իր դիրքերն ամրապնդել այս տարածաշրջանում։

- Ստոլտենբերգի այցը տարածաշրջան կարո՞ղ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը և զսպել Ադրբեջանի նկրտումները։

- Ինչ վերաբերում է Ստոլտենբերգի այցին և դրանով Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները զսպելուն, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ճնշելու լծակներ ունի։ Բայց ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կարող են անել անհատական մակարդակով՝ Հայաստանին զինելու, բարձրորակ սպառազինություն մատակարարելու, ինչպես նաև Ադրբեջանին դիվանագիտական և այլ մակարդակներում սանձելու առումով։ 

- Իրատեսական համարո՞ւմ եք, որ Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածու կդառնա։ Ո՞րն է լինելու ԵՄ անդամության թեկնածու դառնալու գինը։

- Առաջիկա մի քանի տարում այդքան էլ իրատեսական չէ, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամության թեկնածու։ Նախ, դրանից առաջ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այս պահին այդպիսի նախանշաններ չեմ տեսնում, բայց, մյուս կողմից, տեսանելի է, որ իրադարձություններն այս տարածաշրջանում չափազանց արագ են զարգանում, և շատ հաճախ՝ անկանխատեսելի ուղղությամբ։ Մի քանի տարի անց լիովին իրատեսական է, Հայաստանը կդառնա ԵՄ անդամակցության թեկնածու։ Առաջիկա 2-3 տարին այդպիսի կանխատեսում չունեմ, բայց դրանից հետո շատ հավանական է, որ Հայաստանը դիմի ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու համար, և ԵՄ-ն սեղմի Հայաստանի կողմից պարզած ձեռքը։

Հայկ Մագոյան