Հարցազրույց

«Խնդիրը տուրբուլենտ գոտիներից անցնցում դուրս գալու մեջ է». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունները ՀԱՊԿ-ից հնարավոր ելքի վերաբերյալ, ասել է, որ Երևանի այդ քաղաքականությունը կարող է լուրջ վտանգներ ստեղծել երկրի սուվերենության համար։ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի համար ի՞նչ վտանգներով է հղի։

- Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից ռազմավարական գործընկերը չի իրականացնում իր գործառույթները, գնահատական չի տալիս Հայաստանի գերիշխան տարածքների նկատմամբ եղած ներխուժմանը և գործարքների է գնում Հայաստանի գոյությանն սպառնացող երկրի հետ, մյուս կողմից՝ չկա երաշխիք, որ մեր երկրի պաշտպանողականությունը համարժեք այլ երաշխավորություն կստանա։ ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցումը դեռ չի նշանակում այդ կառույցից դուրս գալ, և կտրուկ անցում կատարել անվտանգային այլ համակարգի։ Կարծում եմ՝ նկատի կառնվեն այս բոլոր հանգամանքները։ Ամբողջ խնդիրն անվտանգային, անցնցում դիվերսիֆիկացման մեջ է։

- Ալիևը հայտարարել է, թե այժմ ավելի մոտ են Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ։ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակն էլ հայտարարել է, թե հավատում են, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության մինչև Cop29-ը։ Ի վերջո, ի՞նչ են տալիս նման հայտարարությունները հարաբերությունների կարգավորմանը։ Արդյոք Ադրբեջանն ու Հայաստանը մո՞տ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

- Առաջին անգամը չէ, որ Բաքվից նման «լավատեսություն» է բարձրաձայնվում։ Սա պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու ծխածակույթ է՝ պայմաններ թելադրելու և հետո ասելու, որ Երևանը չի ընդառաջում։ Պայմանները կփոփոխվեն, կնորացվեն։ Բաքվի ճնշման քաղաքականությունն է։ Միացյալ Թագավորությունն ակտիվացել է Հարավային Կովկասում և կոնկրետ՝ մեր խնդրով։ Չմոռանանք Բրիտանիայի ներկայացուցիչների այցերը և Պաշտպանության փոխնախարարի հայտարարությունները։

- ԵԽ պատգամավորներն առաջարկում են քննարկել ԵՄ-Հայաստան ավելի սերը համագործակցության, ընդհուպ՝ անդամակցության հնարավոր հեռանկարները։ ԵՄ ԱԳԾ խոսնակ Պետեր Ստանոն էլ ասել է, որ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել. «Այս կամ այն երկրի ինտեգրման մասին որոշումը կախված է ԵՄ երկրների միաձայն հավանությունից»: Արդյոք Հայաստանը կարո՞ղ է հավակնել ԵՄ անդամակցություն ստանալուն՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը դեռ ներկա է տարածաշրջանում։

- Իրադարձություններն արագացել են, և պարզ է, որ ուղղակի առնչվում են տարածաշրջանում մագլցողականություն գրանցող աշխարհաքաղաքական մրցապայքարի հետ։ Երևանի դիմումը ԵՄ-ին այս պայմաններում պետք է դիտարկել նաև որպես ԵՄ-ի դիմումը Երևանին տրամաբանությամբ, ինչը կապվում է ռուսական գործոնի չեզոքացման միջազգային հանրության քաղաքականությանը հետ։ Սա երկար պրոցես է, որն օգտագործվելու է ռուսական գործոնի արևմտյան հակակշռման ուղղություններով։

- Ի՞նչ սպասել ՌԴ-ում նախագահական ընտրություններից։ Փորձագետները պնդում են, որ կա զրո հավանականություն, որ Ռուսաստանում իշխանություն կփոխվի։ Եթե ընտրություններից հետո Պուտինը շարունակի կառավարել երկիրը, աշխարհաքաղաքական ի՞նչ զարգացումների ականատես կլինենք։ 

- ՌԴ-ում ընտրությունները կանխատեսելի են։ Ներկա պահին կգնան միջազգային ընտանիք-ՌԴ լարված հարաբերություններ։ Բայց քաղաքականությունն անվերջ կտրուկ շրջադարձերով կարող է հատկանշվել։ Ուկրաինայի պատերազմի արդյունքները, Անկարա-Մոսկվա լարված համագործակցության ելևէջները կարող են նոր իրավիճակ առաջացնել։ Իրադարձությունների արագ ընթացքի, հարաբերությունների ելևէջների կամ կտրուկ շրջադարձերի հավանականությունն իբրև սցենարներ պիտի պատկերացնել, և յուրաքանչյուր հավանական իրավիճակի գոյառման դեպքում նախագծեր պատրաստել։ Մինչ այդ, հավասարակշիռ քաղաքականության իրականացում՝ առանց կամուրջներ քանդելու, կարծում եմ, պիտի լինի հայկական կողմի արտաքին քաղաքականության ամբողջ փիլիսոփայական հիմքը՝ նման տուրբուլենտ գոտիներից նվազագույն վնասով դուրս գալու համար։

Հայկ Մագոյան