Հարցազրույց

«Ներկա պահին ապաշրջափակվող Իրան՝ ընդդեմ մեկուսացվող Ռուսաստանի բանաձևն է աշխատում». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն այն դեպքում, եթե նրա գոյությանն ինչ-որ բան սպառնա։ Ձեր կարծիքով՝ ռուսական կողմն Արևմուտքին վերջնագի՞ր է ներկայացնում, թե՞ պարզապես հերթապահ հայտարարություն է։

- Առաջին անգամը չէ, որ Մոսկվան ակնարկում է միջուկային զենքի մասին։ Սա միջպետական հարաբերությունների հռետորաբանությունում օգտագործվող պրակտիկա է՝ կարմիր գծերի առկայությունը հիշեցնելու համար։ Միաժամանակ՝ նկատվում է, որ դա օգտագործում է, երբ ճնշումը հզորանում է։ Դեկլարատիվ հարթությունում փոխհրաձգություններ են․ Վաշինգտոնն էլ հայտարարել է, որ պատերազմում ՌԴ-ին անակնկալներ են սպասվում։

- Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել էր Թուրքիա, Հայաստանի ՊՆ-ն՝ Իրան։ Այս այցերն ինչի՞ մասին են վկայում։ Մեր տարածաշրջանում ի՞նչ զարգացումների սպասենք։

- Գլխավոր խաղացողների մոտ են գնում երկու ուղղություններով։ Անպաշտոն միջնորդի դեր են վերցրել արդեն թե՛ Անկարան, թե՛ Թեհրանը, ինչը նշանակում է, որ Մոսկվայի տիրույթ են թափանցել ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան ու Թեհրանը և բաժնեմասեր են վերցնում։ Այստեղ բազմաբևեռային գործընթացներ են տեղի ունենում։

- Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները խաղաղության, առաջընթացի և զարգացման հիմքն են։ Նման հայտարարություն է արել Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ Ձեր կարծիքով՝ Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունները հաջողելու հնարավորություն ունե՞ն։

- Ներկա պահին, երբ Թեհրանն ուղիղ բանակցությունների մասին է խոսում, դա ոչ միայն Արևմուտքի դուրսմղման գաղափարն է ներառում, այլև ՌԴ-ի՝ իբրև եզակի միջնորդի։ Հենց այս օրերին Մոսկվան մի քանի առիթով հղում է անում նոյեմբերյան եռակողմին և առաջադրում ռուսական վերահսկողությամբ Սյունիքի կապի ստեղծման կետի շուրջ կայացած համաձայնության իրականացումը։ Հենց սա էլ հակասում է Իրանի շահերին։ Ավելի գլոբալ առումով՝ Իրանն ուզում է իր ազդեցության ներքո բերել Բաքվին, որտեղ գնում է ազդեցության մրցապայքար Մոսկվայի և Թուրքիայի միջև։

- ՌԴ վարչապետի այցը Բաքու ևս մեկ անգամ ընդգծեց ռուս-ադրբեջանական տանդեմի գործընկերային ջերմ հարաբերությունները։ ՌԴ-ում ընտրություններից առաջ վարչապետի այցը Բաքու ի՞նչ նպատակ է հետապնդում։

- Այո՛, ռուս-ադրբեջանական գործակցությունը խորանում է։ Շրջափակվող ՌԴ-ի համար Բաքուն էներգետիկ կարևորագույն պատուհան է։ Սա իրականանում է Անկարայի թույլտվությամբ։ Զուգահեռ, իհարկե, Մոսկվայի և Անկարայի միջև լուռ մրցապայքար կա բազմաթիվ ուղղություններով և այս դեպքում՝ Բաքվի վրա ազդեցիկ լինելու առաջադրանքով։ ՌԴ վարչապետի այցը հիմնականում, կարծում եմ, էներգետիկ պատուհանի բաց պահելու նպատակին է ծառայելու։

- Արդյոք ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո նոր խաղի կանոննե՞ր են բերվելու քաղաքական կյանք։ Թրամփի նախագահ դառնալուց հետո ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

- Կարծում եմ՝ ներամերիկյան քաղաքականության փոփոխություններն ավելի տեսանելի կլինեն, քան մեծ հաշվով՝ արտաքին քաղաքականությանը։ Ենթադրվում է, որ որոշակի առումով կմեղմանան ռուս -ամերիկյան լարված հարաբերությունները և կնվազեն Ուկրաինային տրվող օժանդակությունները։ Չեմ կարծում, որ  այս ուղղություններով էական կտրուկ փոփոխություններ լինեն։ Սակայն, չի կարելի բացառել, որ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցություններ սկսվեն։ Միջազգային քաղաքագիտությունն սկսել է ակնարկել պատերազմի ավարտի և բանակցությունների սկսման մասին։

- Հավանական համարո՞ւմ եք, որ Թրամփի նախագահ դառնալու պարագայում Վաշինգտոնը խաղից դուրս գա և միջնորդական «տիտղոսը» զիջի։

- Խնդիրն այն է, որ Վաշինգտոն-Թեհրան համաձայնությունը բավարա՞ր է Հարավային Կովկասում նոր գործընթացների մեկնարկի համար։ Այստեղ դեռևս աշխատում է ռուս-թուրքական գործընկերությունը։ Իրավիճակ կփոխվի, երբ Վաշինգտոնն Անկարային հրահանգի վերջ դնել այդ գործակցությանը։ Դեռևս չեմ կարծում, որ պահը հասունացել է ամերիկյան կարմիր լույսին։ Եթե ընդհանուր միտումնային բանաձևն այն է, որ Իրանն ապաշրջափակվում է և ՌԴ-ն մեկուսացվում, ապա այդ դեպքում՝ չեմ կարծում, որ կտրուկ փոփոխություններ լինեն։ Եթե Իրանի նկատմամբ վերստին խստացվեն դիրքորոշումները, ապա այդ դեպքում՝ դարձյալ թափ կհավաքի իրանամերձ շրջաններում նոր դիրքավորումներ տեղակայելու քաղաքականությունը։ Սակայն թվում է, որ ներկա պահի դրությամբ ապաշրջափակվող Իրան՝ ընդդեմ մեկուսացվող Ռուսաստանի բանաձևն է աշխատում։

Հայկ Մագոյան