Հարցազրույց

«Հայ-ռուսական հարաբերությունների լարվածութունը ռիսկեր ու վտանգներ է պարունակում». Արմեն Պետրոսյան

Radar Armenia-ի զրուցակիցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է։

- Գերմանիայի միջնորդությամբ ավարտվեցին Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների մակարդակով բեռլինյան բանակցությունները։ Արդյո՞ք Գերմանիայի միջնորդությունը շատ ավելի արդյունավետ է լինելու, քան վաշինգտոնյան կամ ԵՄ հարթակում բանակցությունները։

- Գերմանական հարթակը պետք է լինի ոչ թե այլընտրանք բրյուսելյան ու վաշինգտոնյան հարթակներինն այլ պետք է լինի հենց այդ հարթակում եղած օրակարգում եղած բանակցությունների շարունակությունը։ Եվ հայկական կողմի հիմնական դիվանագիտական ջանքերը պետք է այդ ուղղությամբ լինեն։ Այլ հարց է, որ Ադրբեջանի նպատակը այս ձևաչափում գուցե նոր օրակարգի ձևավորումն է, որն ի չիք է դարձնելու նախկինում բրյուսելյան ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք պետք է փաստաթղթային ձևակերպումներ ստանային Գրանադայում։ Եթե հիշում եմ, Ալիևը հրաժարվեց Գրանադայի հանդիպմանը՝ խիստ արհեստական պատճառաբանություններով։ Հետևաբար, Գերմանիայի միջնորդությունը չպետք է առանձին դիտարկել արևմտյան մյուս միջնորդություններից, և պետք է հայկական կողմն ամեն ինչ անի, որպեսզի հենց գերմանական հարթակում շարունակվեն բանակցվել արևմտյան մյուս հարթակներում ձեռքբերված փոխհամաձայնեցված փաստաթղթերը։ Եվ, ընդհանուր առմամբ, գերմանական հարթակը պետք է ծառայի արևմտյան հարթակներում կանգ առած բանակցային գործընթացը վերականգնելուն։ Ադրբեջանն ունի հստակ պարտավորություններ, խոստումներ տարբեր միջնորդներին, հետևաբար, և հայկական կողմը, և միջնորդները պետք է ապահովեն, որպեսզի Բաքուն իրականացնի այդ խոստումները։ Այլապես, փաստացի մենք գործ ենք ունենում ոչ վստահելի դերակատարի հետ կամ մի դերակատարի հետ, որը ցանկացած պարագայում օգտագործում է միջազգային բանակցությունները, բայց հետո խնդիրը լուծում է ոչ քաղաքական-դիվանագիտական հարթակում, այլ ռազմական եղանակով, ինչպես բազմիցս տեղի է ունեցել։

- Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն ու դրա վերաբերյալ հրապարակային ներկայացնելն արդյո՞ք Ադրբեջանի համար լեգիտիմի հիմքեր չի ստեղծում նոր պատերազմի գնալու համար։

- Բնականաբար, որևէ երկրի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը ամուր և փաստարկված հիմքեր չեն կարող Ադրբեջանի համար Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա նախաձեռնելու համար։ Այլ հարց է, որ ներկայում Ֆրանսիայի դեմ Ադրբեջանը, Ռուսաստանը և, վերջին շրջանում, նաև Թուրքիան շատ ակտիվ քարոզչական արշավ են սկսել և քննադատում, մեղադրում են տարբեր տարածաշրջաններում իրավիճակն ապակայունացնելու փորձերի համար։ Օրինակ, Ռուսաստանի և Ադրբեջանի պարագայում Հարավային Կովկասն է, Թուրքիայի պարագայում՝ Սիրիայի հյուսիս-արևելքը։ Տեսնում ենք, որ այդ ընդգծված քաղաքական պայքարը կա։ Բայց այն այս պահին ավելի շատ ճնշման մեխանիզմների դերակատարում է ապահովում՝ փորձելով Հայաստանին վախեցնելու գնով սահմանափակել Ֆրանսիայի հետ համագործակցությունը։ Ինչը որևէ կերպ չի կարող լինել, և մենք պետք է ոչ միայն շարունակենք Ֆրանսիայի հետ նաև ռազմական ոլորտում համագործակցությունն, այլ մենք պետք է գտնենք այլ գործընկերներ ևս տարբեր ոլորտներում, նաև՝ ռազմական, համագործակցություն հաստատելու, խորացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, Հայաստանի հռչակած դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը ենթադրում է հենց նման մոտեցում տարաբնույթ, այդ թվում՝ անվտանգային խնդիրների լուծման։

- Հայ- ռուսական հարաբերությունների լարվածությունը անընդհատ աճում է։ Արդյո՞ք ռուսական կողմի հետ նման հարաբերությունները ևս հղի չեն ռիսկերով ու վտանգներով։

- Միանշանակ է, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների լարվածությունը որոշակի ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Այս մասին նաև ձեր հաղորդումներից մեկի ընթացքում ասել եմ, որ Ռուսաստանն այս պահին Հայաստանի ինքնիշխանության համար ամենավտանգավոր և ամենանկանխատեսելի դերակատարն է։ Այն, որ Ռուսաստանը մեկ ուղղությամբ՝ Ուկրաինայի, խախտել է միջազգային իրավունքն ու հիմնական սկզբունքները և փաստացի ռազմական եղանակով վերանայում է միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Բնականաբար, հաշվի առնելով այս հանգամանքը և աշխարհաքաղաքական դիմակայությունը, ենթադրելի է, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները մեզ համար օրակարգային խնդիրներից մեկը պետք է լինի՝ հնարավորինս հավասարակշռված քաղաքականություն վարելու և այդ հարաբերությունները կառավարելի պահելու տեսանկյունից։ Հատկապես, որ, Ուկրաինայի պատերազմով պայմանավորված, գնում է Ռուսաստան-Արևմուտք դիմակայունությունը, փորձ է արվում շատ հաճախ տարածել այլ, այդ թվում և մեր տարածաշրջանում ու ՀՀ-ում։ Հայաստանն առնվազն պետք է որևէ կերպ թույլ չտա, որպեսզի իր տարածքը ևս վերածվի աշխարհաքաղաքական դեմոկրացիոն հարթակի։ Եվ իր բոլոր քայլերը, որոնք ենթադրում են անվտանգության և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում, իրականացնի խիստ հիմնավորված և հստակ ոչ հակառուսական շեշտադրմամբ։

Հայկ Մագոյան