Հարցազրույց

«Սյունիքում աշխարհաքաղաքական ստատուս քվո է՝ փոխհակակշռման հարաբերակցություններով». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Բեռլինում ավարտվեց Միրզոյան-Բայրամով հանդիպումները՝ Գերմանիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ Հաշվի առնելով նաև Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ Փաշինյան-Ալիև-Շոլց ձևաչափով հանդիպումը՝ ստացվու՞մ է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր միջնորդ է առաջ գալիս՝ ի դեմս Գերմանիայի։

- Նկատենք, որ արցախյան 44-օրյայից առաջ բանակցություններն ընթանում էին միջազգային ընտանիքի հովանու ներքո՝ եռակողմ միջնորդությամբ։ Պատերազմը վերադարձրեց հակամարտության միջնորդությունը ռուսական տիրույթ՝ Անկարայի հետ համախորհուրդ։ Հիմա երաշխավորման դիվերսիֆիկացիա է գնում՝ ՌԴ-ի միջնորդությամբ նոյեմբերյան եռակողմը փոխարինելու ԵՄ, ԱՄՆ-ով, միջանկյալ՝ ԵՄ-ի անդամ այլ պետություններով։ Իսկ Շուլցի երևույթը քննարկելիս չպետք է մտքից հանել իր կողմից նշված ինքնորոշման իրավունքի սկզբունքը ամիսներ առաջ։

- Ինչու՞ է Արևմուտքը Գերմանիայի դեմքով հանդես գալիս, այն պարագայում, երբ Վաշինգտոնն ու ԵՄ-ը մինչև ԼՂ անկումը ջանք չէին խնայում կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

- Շուլցը, կարծում եմ, փոխարինում է Մակրոնին։ Փարիզի հայտարարություններն ու պահվածքը պատճառ են հանդիսացել, որ Բաքուն մերժի Ֆրանսիայի միջնորդությունը։ Մի կողմից ներեվրոպական առումով կա Փարիզ -Բեռլին մրցակցություն՝ տարածաշրջանում ազդեցիկության աղյուսակում առաջին հորիզոնականներում գտնվելու, մյուս կողմից, ավելի գլոբալ առումով, հավաքական Արևմուտքի կողմից թափանցման ուղղությամբ դերերի բաշխում։ Այս մրցակցությունների, թե դերերի բաշխման արդյունքը ռուսական գործոնի հակակշռումն է տարածաշրջանում։

- Շատ է խոսվում նոր պատերազմի հավանականության մասին։ Արդյո՞ք բանակցությունների վերսկսման ֆոնին Ալիևը կգնա պատերազմի ճանապարհով։

- Պատերազմի վերաբռնկման հավանականությունը միշտ առկա է՝ նկատի ունենալով Բաքվի նախապայմանի նորացված քաղաքականությունը, հռետորաբանությունը, տարածքային պահանջները և հաղթանակած կողմի հոգեբանությամբ առավելագույնը ձեռքբերելու անթաքույց միտումները։ Բայց կան նաև զսպիչ գործոններ, ինչպես Իրանը, Արևմուտքը։ Չեմ կարծում նաև, որ ներկա պահին ՌԴ-ն համաձայնի պատերազմի բռնկմանը։ Սյունիքի ուղղությամբ կա աշխարհաքաղաքական շահագրգռվածություն։ ԵՄ-ը, Իրանը, ՌԴ-ն Սյունիքում իրար հակակշռում են՝ Վաշինգտոնի վերահսկող հայացքի ներքո։ Դրա համար էլ առ այս պահը չի ճշտվել Սյունիքի խաչմերուկային ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վերահսկողական կարգավիճակը։ Սա նոր ստատուս քվո է՝ փոխհակակշռման ճանապարհով կայունացման արդյունքով։

- Բեռլինյան բանակցություններից հետո Բայրամովն ու Միրզոյանը մեկնեցին Թուրքիա։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այս այցից։

- Դեկլարատիվ առումով, գուցե, դրական տեղաշարժի մասին հրապարակումներ, սակայն, ըստ էության, տեղապտույտ։ Սահմանազատումը արդեն դուրս է եկել օրակարգից, իսկ հանգուցակետը՝ նոյեմբերյան եռակողմի 9-րդ կետը, որ ակտուալ խնդիր է, սակայն ներկա պահին հեռու է համաձայնելիությունից։

Հայկ Մագոյան