Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելել է Հայաստան։ Սա ի՞նչ մեսիջ է, հատկապես, Ադրբեջանին և Ռուսաստանին։
- Ենթադրում եմ՝ այս այցը ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև Եվրոմիության արտաքին քաղաքականության պարունակում պետք է դիտարկել։ Կա Վաշինգտոն-Բրյուսել և, իհարկե, ԱՄՆ-Եվրոպայի ամենահենասյունային պետություններ համակարգված քաղաքականություն․ ինչ–որ տեղ կաթիլային, այլ տեղեր՝ ավելի ակտիվ թափանցել դասականորեն ռուսական տիրույթներ համարվող շրջաններ։ Կոնկրետ հիմա ուղերձն այն է, որ Փարիզը որոշել է ոչ միայն քաղաքացիական, քաղաքական և դիվանագիտական, այլ նաև ռազմական ուղղություններով առկա լինել տարածաշրջանում։
- Ֆրանսիական պաշտպանական սպառազինության առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Երկու երկրների պաշտպանության նախարարներն այսօր նաև հայ-ֆրանսիական համագործակցության նոր համաձայնագրեր ստորագրեցին։ Ձեր կարծիքով՝ այս հանգամանքը զսպո՞ղ, թե՞ իրադրությունը սրող հանգամանք կարող է դառնալ Ադրբեջանի համար։
- Բնականաբար, Մոսկվան և Բաքուն հանգիստ չեն ընկալի ռազմաքաղաքական այս գործընթացները։ Անկարայի դեպքում հայացքը կարող է այլ լինել․ մի կողմից՝ բացասական, որ Երևանը ռազմավարական այլ գործընկերներ է ձեռքբերում, մյուս կողմից՝ Հայաստանի ռուսական կախյալությունից փուլային կշռույթներով դուրս գալու ընթացքին հանգիստ կհետևի։ Անկարան այս բոլորի վերջնագծում տեսնում է ռուսական բազաների հեռացումը իր սահմանամերձ շրջաններից։
- Ֆրանսիան Հայաստանում կունենա ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում: Անվտանգության տեսանկյունից ի՞նչ հարց է լուծվում։
- Ռազմական կցորդ, ռազմական խորհրդատու․ սրանք օղակների այն հյուսքն է, որը շարունակվելու է։ Այս նշանակումները կարվեն ֆրանսիական սպառազինության փուլ առ փուլ փոխանցման գործընթացին զուգահեռ։
- Հայ- ֆրանսիական հարաբերությունների այս նոր փուլին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը։ Ի՞նչ զարգացումների սպասել։
- Կշարունակվեն առ այժմ դեկլարատիվ մակարդակով Երևանին ուղղված զգուշացումները՝ մերթընդմերթ ծանր հետևանքների հավանականությունների բարձրաձայնման տեսքով։ Մոսկվան դա կօգտագործի Բաքվի հետ իր համագործակցությունը շարունակելու ուղղության վրա։ Պարանաձգումը դիվանագիտական մակարդակի վրա շարունակվելու է։ Երևանը հայտարարություններ կանի, Մոսկվան պարզաբանումներ կպահանջի, ՀԱՊԿ-ի անդամակցությունը կսառեցվի, կամ օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացումը կպահանջվի, և այսպես շարունակ, գեթ որոշ ժամանակի կտրվածքով։
- Բորելը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան։ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մերձեցման տեսանկյունից այդ այցն ի՞նչ նշանակություն կունենա։
- ԵՄ-Երևան հարաբերություններին նոր աշխուժացում ապահովելուն միտված դիվանագիտական գործողություններ կլինեն, և այցերը կշարունակվեն։ Դրա համար, որպես առաջին հարցի պատասխան, նշեցի, որ Ֆրանսիայի դիրքորոշումներն ու քայլերը պետք է դիտարկել համաեվրոպական քաղաքականության շրջածիրում։ Բրյուսելը տարբեր ուղղություններով Երևանի հետ համագործակցությանը նոր տարողություն կհաղորդի։
Հայկ Մագոյան