Հարցազրույց

«Թուրք-ադրբեջանական տանդեմը վարում է նորացված նախապայմանային քաղաքականություն». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Իրանը կրկին հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանի հարցերը լուծելու համար տարածաշրջանում հայտնված օտարներին։ Ձեր կարծիքով՝ սա ի՞նչ է նշանակում։

- Պարզ է, որ Իրանը չի ուզում, որ իր սահմաններին հայտնվեն օտար ուժեր․ բայց օտար ուժեր ասելով՝ Իրանը նկատի ունի ոչ միայն Արևմուտքին, այլև Ռուսաստանին։ Մինչդեռ Ռուսաստանն ուզում է վերահսկել Նախիջևան-Ադրբեջան ճանապարհը և դրա համար միշտ հղում է անում նոյեմբերյան եռակողմին։ Իրանի այս դիրքորոշումը, որոշակի առումով, պայմանավորվում է Պարսից ծոց-Սև ծով նոր կենսաճանապարհի գործնական փուլի անցման հետ։ Իրանը չի ցանկանում, որ իր ելքը դեպի Սև ծով և այդ ճամփով Եվրոպա՝ վերահսկվի այլ ուժերի կողմից։ Այստեղ իրանյան և հայկական շահերի համընկնումը ուշագրավ է։

- Այս համատեքստում նկատենք, որ նման բովանդակությամբ մի հայտարարություն էլ արել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը՝ նշելով, որ այնտեղ, որտեղ հայտնվել են ԱՄՆ-ն, ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն, իրավիճակը քաոսային է դարձել։ Այս հայտարարության տողատակում սպառնալիք կամ նախազգուշացում չկա՞՝ ուղղված Հայաստանին։

- Ռուսաստանը պայքարում է հարավային Կովկասում դիրքերը չզիջելու համար։ Բայց, կարծում եմ, օղակը սեղմվում է փուլ առ փուլ։ Սյունիքում ներկայություն են ստանում Իրանը, Ֆրանսիան, Բրյուսելը, ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչներն են հաճախակի այնտեղ։ Դա խոսում է այն փաստի մասին, որ միատիրույթ չի լինելու Սյունիքը, որը ցուցիչ է ամբողջ տարածաշրջանի համար։ Մոսկվայի ուղերձը միջազգային հանրությանն է ուղղված՝ Հայաստանի ճամփով չներթափանցել ռուսական տիրույթներ համարվող շրջաններ։ Գործընթացը, սակայն, Մոսկվայի պատկերացումներով չի գնում։

- Պաշտոնական Մոսկվայից պնդում են, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում գտնվելը բխում է հայ ժողովրդի շահերից, ապա նշում, որ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք չի նկատվում։ Արդյո՞ք ՀԱՊԿ-ում լինել-չլինելն այսօր առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։

- ՀԱՊԿ տարբեր չափանիշներով շարժվեց՝ ըստ դեպքերի։ Ղազախստանի դեպքերին շատ արագ և օպերատիվ արձագանքեց, իսկ Ադրբեջանի կողմից հայաստանյան տարածքներ ներխուժումին քաղաքական գնահատական չտվեց։ Սա նշանակում է, որ ՀԱՊԿ–ը ոչ թե անգործունյա կառույց է, այլ, ըստ քաղաքական պահի, աշխուժանում է կամ կրավորականացվում է։

- Ալիևը պնդում է, որ եթե Հայաստանը չլուծի իր օրենսդրության հետ կապված խնդիրները, խաղաղության պայմանագիր չի լինի։ Նոր պատերազմի՞ է գնալու Ալիևը, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։

- Սա թուրք–ադրբեջանական տանդեմի նախապայմանային նորացված քաղաքականությունն է։ Հիմա փաստաթղթային–նախապայմանային քաղաքականությամբ փորձում են ամեն պահանջատիրական հիմք չեզոքացնել։ Պատերազմի սպառնալիքով պահանջներ են դնում։ Անկարան ներգրավված է այս նախապայմանականությանը, որովհետև կապակցում է Երևան-Բաքու, Երևան-Անկարա հարաբերություններին։ Փաստորեն, ո՛չ սահմանի մասնակի բացում եղավ, ո՛չ էլ երրորդ երկրի քաղաքացիների ու դիվանագետների համար աշխատեց։ Անիի կամուրջը ընդհանրապես չի հիշվում։ Նախապայմանները շարունակվելու են։ Բաքուն և Անկարան աշխատում են առավելագույնը ձեռք բերել։ Նկատենք միաժամանակ, որ, հակառակ հայտարարություններին, դեռևս ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, որտեղ Արցախը Ադրբեջանի կազմում է։
Այլ ռազմավարություն է պետք՝ փոխելու համար թուրք–ադրբեջանական տանդեմի ճշտած խաղի կանոնները։ Օտտավան, Փարիզը, թեկուզ օրենսդիրի մակարդակով, առնվազն հիշեցրին, որ ինքնորոշման իրավունքը շարունակում է մնալ հակամարտության լուծման կարևորագույն սկզբունքը։

Ռազմավարական և մարտավարական նոր փաթեթ է պետք՝ շրջանցելու թուրք–ադրբեջանական տանդեմի նախապայմանները։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում Թուրքիայի նախագահի այցը Եգիպտոս։ Հաշվի առնելով Իսրայել-Պաղեստին հակամարտությունը՝ այս այցն ի՞նչ մեսիջներ է պարունակում։

- Վաղ է եզրակացությունների հանգելը։ Չպետք է աճապարել և հաստատել, որ Անկարան և Կահիրեն վերջ են դնում նախկին հակառակությանը։ Երկու պետությունները դեռևս շատ խնդիրներ ունեն իրար հետ։ Անկարան ագրեսիվորեն աշխատում է աֆրիկյան տարածաշրջանում ակտիվ ներկայություն և գործոն լինելու ուղով։ Նույն մոտեցումով աշխատում է միջին Արևելքում և արաբական աշխարհում։ Աշխարհագրական երկու միջավայրում էլ Կահիրեն, չեմ կարծում, ազդեցության իր դիրքերը կուզենա զիջել Անկարային։

Հայկ Մագոյան