Հարցազրույց

«ԵԽԽՎ-ի որոշումը պատասխան է Բաքու-Մոսկվա համագործակցությանը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը հարաբերություններում նոր նշաձող սահմանելու մասին էր։ Ձեր կարծիքով՝ Իրանի և Թուրքիայի շահերը մեր տարածաշրջանում որքանո՞վ են համահունչ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ Իրանը դեմ է դրան։ Ե՛վ Իրանի, և՛ Թուրքիայի նախագահները «3+3» երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես համապատասխան հարթակ՝ մասնակից երկրների միջև խորհրդատվությունների և կառուցողական համագործակցության համար։ Այս հայտարարությունն ի՞նչ ուղերձ է փոխանցում ԱՄՆ-ին և ԵՄ-ին։

- Նախ, արձանագրենք, որ «3+3»-ն այս պահի դրությամբ 3+2 է․ Վրաստանը չի համաձայնում միանալ։ «3+3»-ի գլխավոր ճարտարապետը Թուրքիան է, որ այս ձևաչափի տեսքով ուզում է վերցնել միջնորդի և երաշխավորման դեր տարբեր գործընթացներում։ Առաջին հայացքով՝ Իրանի ներգրավումն է տեսանելի և Արևմուտքի դուրս մղումը։ Սակայն այնքան էլ պարզ չէ գործընթացը։ Թուրքիան  և Իրանը մտնում են նախապես զուտ ռուսական համարվող տիրույթ։ Իսկ Մոսկվան համաձայնում է, որովհետև դիմակայում է Արևմուտքի ճնշումներին։ Ըստ էության, ուրեմն, ռուսական տիրույթի և մենաշնորհյալ կարգավիճակի տարբաղադրում է «3+3»-ը, ինչը միանշանակորեն չի հակադրվում Արևմուտքի շահերին։ Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գլխավոր երկրորդ ուժն է, իսկ Իրանը, Արևմուտքի հետ համաձայնեցված, ապամեկուսացվում է։

- Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնապես հավանություն է տվել Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացմանը։ Այս քայլը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ի՞նչ նշանակություն կունենա։

- Թուրքիան իր համաձայնությունը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, վաճառում է ԱՄՆ-ին։ Մինչև այդ էլ իր վետոն Շվեդիայի դեմ վաճառում էր Մոսկվային։ Հիմա այդ խաղը հասել է վերջնագծին։ Մոսկվան գիտակցում է, որ իր հետ համագործակցելով՝ ի վերջո Անկարան ենթարկվում է Վաշինգտոնին։ Բայց հիմա այլընտրանք չունի Մոսկվան և, հակառակ այդ բոլորին, պիտի շարունակի համագործակցել Անկարայի հետ։ 

- ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Արդյո՞ք կատարվածը հերթական փակուղին չէ հայ-ադրբեջանական բանակցությունները արևմտյան հարթակներում շարունակելու տեսանկյունից։

- ԵԽԽՎ-ի որոշումն ու Եվրոպայից դեռևս գալիք որոշումները պայմանավորված են ոչ անպայման Հայաստան-Ադրբեջան  բանակցությունների հետ։ Որքան խորանա Բաքու-Մոսկվա համագործակցությունը, այնքան կխստանան Եվրոպայից հնչող հայտարարություններն ու բանաձևերը։ 

Հայկ Մագոյան