Հարցազրույց

«ԵԽԽՎ որոշումը ոչ մի առանցքային նշանակություն չունի». Միքայել Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։

- ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվում է ԵԽԽՎ-ից։ Այս որոշումն ի՞նչ առանցքային նշանակություն ունի․ այն զսպիչ մեխանիզմ կարո՞ղ է լինել Ադրբեջանի համար։

- Այդ որոշումը ոչ մի առանցքային նշանակություն չունի և զսպիչ մեխանիզմ չի կարող լինել Ադրբեջանի համար։ Ադրբեջանը հաղթանակած և, ի տարբերություն մեր գավառական ընչաքաղցների, իր անելիքը հստակ գիտակցող կողմ է և գործում է այդ տրամաբանության մեջ։ Ադրբեջանը մի քանի անվտանգության բարձիկ ունի՝ սկսած Ռուսաստանից և Թուրքիայից մինչև նավթ և գազ․ չխաբենք ո՛չ մեզ, ո՛չ մեր ժողովրդին։

- Թեև Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին խոսք չկա, բայց շարունակեց պնդել, թե ռուսները պետք է հսկեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Ինչպե՞ս հասկանալ այս հակասական հայտարարությունը։

- 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջին կետը տառացիորեն սա է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։ Ոչ մի հակասություն չկա Չարիքի կայսրության ժառանգ Ռուսաստանի նման խոսքում․ Ռուսաստանը լիակատար իրավունք է ուզում Հայաստանի կապուղիների նկատմամբ՝ ելնելով մեր իսկ դրած ստորագրությունից։ Այնպես որ, ոչ մի հակասություն չկա․ մե՛նք ենք ականը դրել մեր ինքնիշխանության տակ։

- Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների համար։ Այս հայտարարությունը նախազգուշացու՞մ է, թե՞ մտահոգություն՝ հերթական ակնկալվող ագրեսիայի առնչությամբ։

- Մեր պատմության վերջին 150 տարում տառացիորեն նույնաբովանդակ հայտարարություններ բազում ժոզեպբորելներից տասնյակներով են եղել․ հետևանքը բզկտված Հայաստանն է ու ցեղասպանված հայ ժողովուրդը։ Եթե չնչին ուժ ունի Եվրոպան, ապա գոնե Եվրամիության անդամ երկրները թող դադարեցնեն ռազմական նշանակության ապրանքների վաճառքն Ադրբեջանին, թող դադարեն Ադրբեջանից գազ և նավթ գնել, որով ուռճացնում են Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Չեն արել և չեն անի․ պատմությունը կկրկնվի ճիշտ Առաջին Հանրապետության օրինակով և ֆրանսիական Կիլիկիայի օրինակով։ Կրկնեմ՝ չխաբենք ո՛չ մեզ, ո՛չ մեր ժողովրդին։

- Ըստ էության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները հետընթաց են գրանցում, եթե չասենք՝ փակուղում են։ Հաշվի առնելով ԱՄՆ-ում և Եվրախորհրդարանում սպասվող ընտրությունները՝ Արևմուտքին կհաջողվի՞ կողմերին մինչ այդ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել։

- Ոչ մի արժեք չունի՝ կհաջողվի՞ մինչև իրենց ընտրությունները Բրյուսելում ևս մեկ հանդիպում կազմակերպել կամ ոչ։ Միևնույն է՝ առարկայական ոչ մի նշանակություն չի ունենալու։ Մենք հանիրավի ուռճացրել ենք անգամ իր գլխի ճարը գտնել դժվարացող բարի Եվրոպայի կարողությունը։

- Ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ մեր տարածաշրջանում, եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթեն հանրապետականները՝ ի դեմս Թրամփի։

- Եթե հանրապետականները հաղթեն, ոչ մի վատ բան չի կարող լինել մեզ հետ, թեև դեմոկրատների հաղթանակը ցանկալի կլիներ։ Իսկ եթե հանրապետականներից հատկապես Թրամփը հաղթի, ապա առավելագույնը, ինչ կլինի Հայաստանի համար, ապա դա Լեդի Գագայի հերթական տեսահոլովակը կլինի՝ փարաջանովյան ոճով և «Զգուշություն» հայատառ գրվածքով՝ հերթական անեքսիայից առաջ։

Հայկ Մագոյան