Հարցազրույց

«Ամենահանգուցայինը Սյունիքի երթուղիների վերահսկողության խնդիրն է». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Իրանն ու Պակիստանը փոխադարձ հարվածներ են հասցնում։ Այս իրավիճակը որքանով է ռիսկային Հարավային Կովկասի և, հատկապես, Հայաստանի համար։

- Մեծ հաշվով, Իրանը զսպող գործոն է Ադրբեջանի նկրտումներին, իսկ Պակիստանը անվերապահ զորակցում է Ադրբեջանին։ Երկու երկրների միջև գրանցված բախումները կարող են իրենց շարունակությունն ունենալ նույն տարողությամբ։ Կլինեն թիրախային և չեն վերաճի լայնամասշտաբի։ Գետնի վրա տեսանելի է Իրանի փուլային ապամեկուսացումը։ Արևմուտքի հետ գործակցության ուղիները հարթվում են, թեկուզ՝ դանդաղ։

- Ինչպիսի զարգացումներ եք կանխորոշում Իրան-Պակիստան լարվածության մեջ։

- Թիրախային, բայց ոչ լայնածավալ։ Կաշխատեն այն չընդլայնելու զսպիչ գործոններ։ Տարածաշրջանը վերահսկելի բազմակետային պատերազմների հունով է գնում՝ առանց ամբողջովին տարածաշրջանայինի վերաճելու։

- Նաև որոշակի լարվածություն կա՝ կապված Եմենի հութիների հետ, երբ ԱՄՆ-ն ու Բրիտանիան հարվածներ հասցրին։ Նման լարվածությունն ինչի՞ կհանգեցնի։

- Նույնը՝ այս դեպքում։ Կարմիր ծովի ռազմավարական անցքերի վերահսկողության հակամարտությունը այս տեսքով շարունակվելու է։ Բայց այն ուղղակի կապ ունի Իսրայելի նկատմամբ սեղմվող օղակների հետ։

- Սերգեյ Լավրովը թեև հերքեց, որ եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրույթ կա, բայց հայտարարեց, որ Հայաստանն է այժմ դժվար իրականացնում ճանապարհի բացումը Սյունիքով այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանն է նոր պահանջներ առաջադրում՝ չցանկանալով, որ այնտեղ ռուս սահմանապահները կանգնեն։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Լավրովի այս հայտարարությունները։

- Պարզ ասվում է, որ Մոսկվան և Բաքուն համաձայնել են նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետի շուրջ․ Բաքուն ստանում է Նախիջևան-Ադրբեջան ցամաքային երթուղին, Մոսկվան՝ վերահսկողությունը։ Համաձայնությունը, ըստ էության, Անկարա-Մոսկվա է, որովհետև այդ անցքը պետք է նաև Թուրքիային։ Մոսկվան, նման կարգավիճակ ստանալով, առաջադրում է վերահսկել տարածաշրջանային-խաչմերուկային նշանակություն ունեցող ճանապարհ։ Բայց պարզ է, որ նոյեմբերյան հայտարարությունը, ըստ էության, իրականում չեղարկվել է։ Սյունիքով ապաշրջափակման կետը ամենահանգուցային կետն է, որի լուծումը դեռևս պարզ չէ։ Խնդիրը ոչ թե հայաստանյան անհամաձայնության պատճառով է սառեցված, այլ՝ աշխարհաքաղաքական մրցակցության։ Սյունիքը վերածվում է աշխարհաքաղաքական ուժերի ներկայացուցչության կենտրոնի, դրա համար էլ այդ անցքի վրա ռազմական ներկայության բաղադրությունը պարզ չի լուծվելու։

- Ըստ Լավրովի՝ Ադրբեջանը պատրաստ է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի ռուսական տարածքում։ Սա հիմք չէ՞՝ ենթադրելու, որ Արևմուտքին դժվար թե հաջողվի կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Ռուսաստանի սինխրոն գործակցությունը։

- Մոսկվա-Ադրբեջան հարաբերակցությամբ կա՛ սինխրոն գործունություն։ Բայց Կովկասում թափանցում են նաև այլ ուժեր, որոնք արգելակում են միայն ռուսական միջնորդությունն ու երաշխավորումը։ Մադրիդյան սկզբունքների իրականացման հիմնական արգելքը, կարծում եմ, անհամաձայնությունն էր խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ․ հիմա էլ նույն անհամաձայնությունը կա ռազմավարական ճանապարհների վերահսկողության շուրջ։

- Իսրայելա–պաղեստինյան հակամարտությունն ի՞նչ զարգացումներ կունենա։ Արաբական աշխարհն առավել մե՞ծ ներգրավում կունենա պրոցեսներում։ 

- Կարծում եմ՝ ցուցիչ է Սաուդյան Արաբիայի պաշտոնական հայտարարությունը։ Չեն լինի Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ, եթե չլինի պաղեստինյան պետություն։ Էր Ռիադին կհետևեն արաբական այլ երկրներ, որովհետև Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում եղանակ թելադրող է՝ համաարաբական առումով։

Հայկ Մագոյան