Radar Armenia-ի զրուցակիցը «Երևանի կրկեսի» գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանն է։
- Պարոն Պետրոսյան, Դուք 2022թ. մարտի 27-ին, Radar Armenia-ին տված հարցազրույցում, ասել եք, որ մինչև 2023թ. հունիս-հուլիսը կրկեսի շենքը պատրաստ կլինի։ Արդեն 2024թ. հունվարի 18-ն է, բայց շենքը շահագործման չի հանձնվել։ Ի՞նչն է պատճառը, ինչու՞ է ուշանում շենքի շահագործումը։
- Այդ հարցը ես էլ կցանկանայի տալ։ Ես կրկեսի գեղարվեստական ղեկավարն եմ, ու քանի որ կրկեսը չի աշխատում, շատերը մտածում են, որ մենք նստած սպասում ենք։ Մեր ստեղծագործական աշխատանքը մի օր, մի ժամ չի կանգնել։ Մեր դերասանները հյուրախաղերի մեջ են գտնվում՝ բոլորը։ Մենք նաև կադրային հարցերն ենք լուծում։ 51 տարի առաջ իմ ստեղծած կրկեսային դպրոց–ստուդիան մինչ օրս գործում է․ երեխաներին անվճար սովորեցնում ենք։ Մենք՝ ստուդիայի սաները և այն դերասանները, որոնք Երևանում են, ներկայացումներ են տալիս տարբեր թատրոններում։ Ամիսը 2-3 համերգ-ներկայացում ենք ցուցադրում։ Մենք դադար չենք տվել։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մի քանի տարի է՝ կրկեսի էստրադայի և մասսայական դերասանների ռեժիսուրայի հատուկ կուրս ունեմ, որտեղ բարձրագույն կրթություն ստացած անձինք կհամալրեն նոր կրկեսը։
- Վերջին տվյալներով՝ նոր ժամկետներ նշու՞մ են, թե երբ շահագործման կհանձնվի շենքը, պարոն Պետրոսյան։
- Մեր հովանավորն ամեն ինչ անում է, որ այս տարվա սեպտեմբերին շահագործվի։ Մենք արդեն պետք է բացեինք։ Նույնիսկ պլանավորել էինք, որ 2023թ. Ամանորը նշեինք կրկեսում, բայց «Տաշիր գրուպ»-ի ղեկավարությունը որոշեց, որ կրկեսի բեմը պիտի բարձրանա և իջնի, որի տրանսֆորմացիայի համար հատուկ մարդիկ են հրավիրված տարբեր երկրներից։ Ամեն ինչ արվում է, որ սեպտեմբերին բացվի կրկեսը։
- Ստացվում է՝ կրկեսի շահագործման հետաձգումը պայմանավորված է եղել բեմի տեխնիկական խնդրո՞վ։
- Կրկես կառուցելը հեշտ բան չէ։ Սովորական շենք չի, որ դնեն, հարկը հարկով բարձրացնեն։ Կրկեսը հատուկ շենք է։ Մենք շուտ պետք է հանձնեինք, դեռ քանի տարի առաջ, բայց տեղի ունեցավ պատերազմ, քովիդ, ինչն էլ հետ գցեց մեր պլանները։ Բայց ոչինչ։ Հայ ժողովուրդը սիրում է կրկես։ Մի քիչ էլ թող սպասեն, կունենանք լավ, ժամանակակից կրկես։
- Ասացիք, որ շենքը չի գործում, բայց դուք մեկ օր դադար չեք ունեցել։ Կրկեսի դերասաններն աշխատավարձ ստանու՞մ են այս ընթացքում։
- Ոչ, աշխատավարձ չկա։ Կրկեսում պայմանագրային համակարգ է գործում։ Մեր դերասանները, որոնք մեկնել են արտասահման, համապատասխան պայմանագրերով գնացել են աշխատելու։ Կրկեսը, երբ պետական էր, մենք այն ժամանակ էլ դրա զարգացման համար պետությունից ոչ մի կոպեկ չենք ստացել։ Կրկին շնորհակալ ենք «Տաշիր գրուպին», որ անում են ամեն ինչ, որ ունենանք ժամանակակից, մոդեռն կրկես, որտեղ կկարողանանք տարբեր մեծ կոլեկտիվների հրավիրել, որ թռիչքային ակրոբատներ խաղան․․․ Իսկ առաջ չկար դրա հնարավորությունը։ Տեղը չէր հերիքում, և դա խանգարում էր գեղեցիկ տեսարաններ ցուցադրելուն։ Այնպես որ, կունենանք նոր, ժամանակակից կրկես։
Հայկ Մագոյան