«Սա դրամի արժեզրկում չէ. փոխարժեքը դրական և բացասական կողմեր ունի». տնտեսագետ
Radar Armenia-ի զրուցակիցը տնտեսագետ Արմեն Քթոյանն է։
- Ինչու է դրամը շարունակում արժեզրկվել․ որն է պատճառը։
- Սա դրամի արժեզրկում չէի համարի։ Ըստ էության, տեղի է ունենում այն, ինչ նախկինում էր տեղի ունենում։ Շուկայում առաջարկ-պահանջարկի հիման վրա արտարժույթի գինն է որոշվում՝ դրամով արտահայտված։ Մի կողմից արտարժույթի առաջարկը որոշակիորեն նվազել է․ եթե համեմատում ենք 1 տարի առաջվա հետ, հոսքերի որոշակի նվազում կա։ Այստեղ կա նաև դրամի էժանացման քաղաքականություն, որն իրականացվում է նաև կենտրոնական բանկի կողմից, և դա միտված է շրջանառության մեջ դրամի քանակի ավելացմանը, տնտեսության ակտիվությանը լրացուցիչ լիցք հաղորդելուն։ Սա փողի էժանացման քաղաքականություն է կոչվում, որը ևս որոշակի դերակատարում ունի։ Սրանք են հիմնական գործոնները, որոնք ազդում են։ Ընդ որում, արձանագրեմ, որ սա արժեզրկում չէ, այլ պարզապես դրամով արտահայտված արտարժույթի գնի որոշակի աճ։ Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ նախկինում, ռուս ռելոկանտների ներհոսքով պայմանավորված, ունեցանք որոշակի գործընթացներ արժևորման մասով։ Եվ հիմա, ըստ էության, որոշակի ճշգրտում է տեղի ունենում։
- Այս գործընթացը հանրության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում։ Երբ ապրանքը թանկանում է, ռիսկեր չե՞ք տեսնում։
- Նայած՝ ինչ չափով է թանկանում։ Եթե տեսականորեն նայենք՝ փոխարժեքի ավելացումը, արտարժույթի գնի ավելացումը դրամի համեմատ ինչ ազդեցություն է պարունակում, ապա մի քանի ուղղությամբ, այո, թանկանում է։ Որոշակիորեն ավելանում է արտաքին պարտքի սպասարկման բեռը, մյուս կողմից էլ արտահանմանը միտված գործընթացները ավելի շահավետ են դառնում։ Խոսքը թե՛ ապրանքների արտահանման, թե՛ ծառայությունների արտահանման մասին է։ Տևական ժամանակ խոսում էինք ՏՏ ոլորտի մասին, որ դժվարություններ է կրում արժևորված դրամի պարագայում։ Հիմա ՏՏ ոլորտի մասով սա մի փոքր լիցք է, որը կարող է նպաստել գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Ըստ էության, փոխարժեքը և դրական, և բացասական կողմեր ունի․ ինչ–որ մի պահի կարող է դրականը հակակշռել, մեկ այլ պահի՝ բացասականը, կախված նրանից, թե ինչ տևողություն կունենա գործընթացը, ինչ խորությամբ կլինի։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանն այս պահին չկա։
- Հասարակությունը նման իրավիճակում ինչպե՞ս պետք է պահի փողը՝ դրամո՞վ, դոլարո՞վ, թե՞ ռուբլով ու եվրոյով։
- Ինչպես դրամի արժևորման, այնպես էլ արտարժույթի արժևորման ժամանակ շարքային քաղաքացիները փորձում են, շահից ելնելով, գործարքներ անել, որը խորհուրդ չեմ տալիս, որովհետև, միևնույն է, կորցնելու են, այն տեսանկյունից, որ նրանք մտածում են՝ այդ կուրսի վրա շահեն կամ գումար վաստակեն, բայց պետք է նկատի ունենան, որ, օրինակ, ձեռքբերված արտարժույթը դրամի վերածելու պրոցեսում իրենք ծախսեր են անում, և այդ ծախսերը կչեզոքացնեն այն պոտենցիալ օգուտները, որոնք կարող էին ունենալ։ Գոյություն ունեն դասական կանոններ՝ ինչպես կառավարել ակտիվները և ինչ արժույթով պահել։ Պետք է ձեր ակտիվների պորտֆելում գերակշռի այն արժույթը, որով դուք գործարքներ եք անում։ Եթե դուք դրամով վարկ ունեք, և ձեր ծախսերը դրամով են, ձեր ակտիվների մեջ պետք է գերակշռի դրամը։ Եթե արտարժույթով վարկ ունեք, բնականաբար, ցանկալի է, որ դուք արտարժույթի որոշակի պաշար ունենաք, որը հնարավորություն կտա ռիսկերը նվազեցնել։ Բայց արտարժույթի կուրսի վրա փորձել շահույթ ստանալ՝ խորհուրդ չեմ տա․ վնաս կրելու հավանականությունը շատ ավելի մեծ է։
Հայկ Մագոյան