Հարցազրույց

«Միջինարևելյան տարածաշրջանում ընթանում է բազմակետային պատերազմ». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Բաքվում հրաժարվեցին ընդունել ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի նման պահվածքը։

- Պարզ է, որ Բաքուն չի ուզում Արևմուտքի միջնորդությամբ և երաշխավորությամբ բանակցություններ։ Մեծ համաձայնությունը Անկարա-Մոսկվա հարաբերակցությամբ է և այդ պարունակում՝ Մոսկվա-Բաքու։ Վաշինգտոնում հանդիպում չկայանալը, հիմա էլ՝ Բոնոյին չընդունելը տեղավորվում են այդ համաձայնությունների շրջանակներում։

- Ինչու՞ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները այն ակտիվությամբ չեն աշխատում Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես անում էին մինչև ԼՂ-ի անկումը։

- Հավաքական Արևմուտքի դիմաց Բաքուն դռներ է փակում։ Արևմուտքի ներկայությունը Հարավային Կովկասում չի բխում Ադրբեջանի շահերից։ Վրաստանում և Հայաստանում իրավիճակ է փոխվել, և Ադրբեջանը չի ուզում, որ իր մոտ ևս իրավիճակ փոխվի։ Դա պայմանավորված է ոչ միայն քաղաքական վեկտորներով և ռազմավարական դաշնակիցներով, այլև հենց ուղղակի Ալիև ընտանիքի նեղ շահերով։ Հեռանկարում երևում են ներադրբեջանական խմորումներ, և գուցե, ավելի երկարաժամկետ կտրվածքով, մինչև հավանական իշխանափոխություն, ինչից փորձում է խուսափել Ադրբեջանը։

- Ալիևը կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքից», հետո հայտարարում, որ դուրս չեն գալու Հայաստանից գրաված տարածքներից։ Արդյոք այս պայմաններում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կա։

- Սա Բաքվի ոչ հետևողական, հակասական հայտարարությունների շարքում արված հրապարակում է, գուցե նաև՝ թայմինգի առումով, պայմանավորված Ադրբեջանում կայանալիք համապետական ընտրություններով։ Ներքին լսարանը թիրախավորված է, իսկ հայկական ուղղությամբ ճնշում են՝ զիջումներով ընդունել տալու խաղաղության պայմանագրի ադրբեջանական կետերը։ 

- ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունը հարված են հասցրել Եմենի հուսիթներին, ինչն արժանացել է ՌԴ և Իրանի քննադատությանը։
Իրավիճակն այսպիսով ավելի՞ կլարվի, ավելի լո՞ւրջ բախումների ականատես կլինենք։

- Կարմիր ծովում ռազմական բախումների սցենար էր հասունանում։ Հութիները հարվածում կամ առևանգում էին ծովն օգտագործող նավերը։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համակարգված այս գործողությունները նոր տարողունակություն են հաղորդում տարածաշրջանային պատերազմներին։ Գազան ու Հարավային Լիբանանը համալրվում են Եմենով։ Չմոռանանք, որ Էր Ռիադն ու Թեհրանը նոր շրջադարձ են գրանցել միմյանց հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ, ինչը կարող է զսպիչ գործոնի դեր ունենալ։ Կարծում եմ՝ բախումները կմնան լոկալացված։

- Այս համատեքստում ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել, այդ թվում՝ ռազմական գործողությունների տարածման առումով։ 

- Գազա, Հարավային Լիբանան, հիմա էլ՝ Եմեն։ Տարածաշրջանում կլինեն թեժ տեղայնական կետեր՝ առանց համընդգրկուն տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու։

Հայկ Մագոյան