Հարցազրույց

«Երևանը և Բաքուն պիտի կամք ունենան՝ կարգավորումը դուրս բերել աշխարհաքաղաքական մրցակցությունից». Աթանեսյան

Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։

- Ադրբեջանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չպետք է պատանդ լինի սահմանազատման գործընթացին։ Ձեր կարծիքով՝ այս երկու գործընթացները պետք է միմյանցից առանձի՞ն, թե՞ ընդհանուր համատեքստում դիտարկել։

- Ընդհանուր առմամբ, փաթեթային կարգավորում չի կարող լինել: Խնդիրը սկզբունքների համաձայնեցման բարդությունն է։

- Հաջիևի խոսքով՝ մաքսային և սահմանային հսկողության վերացում ակնկալում են միայն Ադրբեջանից Նախիջևան ապրանքներ տեղափոխելիս։ Նաև նշել է, որ տրանսպորտային այս կապը Հայաստանին չի զրկի Իրանի հետ սահմանից, Հայաստանը երկու մասի չի բաժանի։ Ինչպե՞ս եք մեկնաբանում ադրբեջանական կողմի այս ակնկալիքը։ 

- Կարծում եմ՝ այդ խնդիրը չպետք է իդեա-ֆիքս դարձնել և ասել, որ եթե Հորադիզ-Նախիջևան երկաթուղին գործի, ուրեմն «Հայաստանը մասնատվում, Սյունիքն օկուպացվում է»: Հայաստանը և Ադրբեջանը կարող են պայմանավորվել սահմանային և մաքսային ռեժիմի և միջազգային տրանզիտի իրավական կարգավորման հարցերում, և պետք է պայմանավորվեն: Ուղղակի պայմանավորվածությունը նախընտրելի է երրորդ կողմի «երաշխիքներից»: Ի վերջո, քաղաքական կամքը պետք է գերիշխի ներքին կամ արտաքին կոնյունկտուրային:

- Թուրքական կողմն էլ հայտարարում է, թե ակնկալում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը կյանքի կոչել մինչև 2029 թվականը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը դրական մեսիջներ է հնչեցրել։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ նկատի ունի թուրքական կողմը՝ դրական մեսիջների մասին խոսելով։

- Ըստ երևույթին, խոսքն այն մասին է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ քննարկել տրանզիտի պարզեցման հետ կապված հարցերը:

- Հայաստանն ու Ադրբեջանը կրկին խոսում են խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի մասին։ Ավելին, ադրբեջանական կողմը խոչընդոտներ չի տեսնում պայմանագրի ստորագրման համար։ Պայմանագրի ստորագրումը Հայաստանից ու Ադրբեջանի՞ց է կախված, թե՞ գերտերությունների ցանկությունից։

- Երևանը և Բաքուն փոխադարձաբար և համարժեք կամք պիտի ունենան՝ հարաբերությունների կարգավորումը դուրս բերել աշխարհաքաղաքական մրցակցությունից: Դա չափազանց բարդ է: Մնում եմ իմ տեսակետին. իրացնելի է մի հնարավորություն՝ համաձայնեցնել կարգավորման սկզբունքները, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և քայլ առ քայլ լուծել բոլոր հարցերը:

Հայկ Մագոյան