Radar Armenia-ի զրուցակիցը հյուսիսարևելյան սահմանագոտու N զորամասերի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանն է։
- 44–օրյա պատերազմից հետո որոնք են բանակի առաջնահերթությունները, որն է այսօր զինծառայողների մոտիվացիան։
- Զինվորական համազգեստ հագնողների մոտիվացիան մեկն է՝ պաշտպանել հայրենիքը։ Քանի դեռ մենք կրում ենք այս համազգեստը, պարտավոր ենք զբաղվել առօրյա պարապմունքներով, որոնք միտված են խնդրի հաջող կատարմանը։
-Բանակում ինչպիսին է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, հատկապես՝ պատերազմից հետո։
- Պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ մեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը շարունակում է բարձր մնալ։ Հատկապես պատերազմից հետո զինծառայողների մոտ նկատելի են հոգեբանական դրական փոփոխություններ։ Տղաները շատ լավ գիտեն, որ յուրաքանչյուր պահի պետք է աչալուրջ, զգոն լինել, որ պետք է հայրենիքի սահմանն ավելի ամուր պահել։ Այս սկզբունքով էլ ծառայում ենք։
- Իսկ միջանձնային ի՞նչ խնդիրների են հիմնականում բախվում զինծառայողները։
- Զինվորների միջև միջանձնային առողջ հարաբերություններ են, որոնք բարձր մակարդակի վրա են։ Պետք է ընդգծեմ, որ այս հարցում շատ բան կախված է հրամանատարական կազմի, սպաների մոտեցումից։ Բայց նաև պետք չէ մոռանալ ընտանիքի գործոնը, թե ինչպիսի ընտանիքում է մեծացել զինվորը։ Զորամասում ցանկացած ժամկետային զինծառայող գիտի՝ եթե կա խնդիր, որի մասին պետք է իմանա հրամանատարը, առանց կաշկանդվելու մոտենում է, զրուցում ենք, հարթում առաջացած խնդիրը։ Սա ամենօրյա աշխատանք է։ Աշխատանքի այս մեթոդը թույլ է տալիս արագ լուծումներ գտնել, հնարավորինս շուտ կանխել զինծառայողների մոտ խորացող կոնֆլիկտը։ Զինծառայողների միջև կենցաղային բնույթի հարցեր չեն լինում, քանի որ զորամասում ստեղծված են պայմաններ, որ զինծառայողի մոտ բացառված լինի որևէ կենցաղային հարց ու պահանջ։ Խոսքը թե սննդի, թե հիգիենիկ միջոցների և թե հագուստի մասին է։
- Բանակում քիչ չեն արատավոր երևույթները։ Կար ժամանակ, երբ զորամասերում արտոնյալ զինծառայողներ կային կամ, այսպես կոչված, «զորամաս նայողներ»։ Ի՞նչ պատկեր է ձեր զորամասում։
- Վստահեցնում եմ, որ ոչ միայն մեր զորամասում, այլ նաև մյուս զորամասերում նման բան չկա։ Հնարավոր է՝ զինվորը զորացրվելուց հետո ինչ-որ տեղ գլուխ գովա, բայց դա չի նշանակում, որ զորամասում «հեղինակություններ» կան։
- Շատ անգամ լսում ենք դեպքեր, երբ զինծառայողներ են մահանում ոչ մարտական պայմաններում։ Ի՞նչ է արվում նման երևույթները բացառելու և նվազեցնելու ուղղությամբ։
- Պետք է կրկին ընդգծեմ, որ զորամասում սպաները, հրամանատարական կազմն ամենօրյա աշխատանքով անում են հնարավոր ամեն բան, որպեսզի բացառվեն նման դեպքերը։ Պետք է գիտակցենք, որ զինվորը բոլորինս է։ Իհարկե, զորամասում կարգապահության պատասխանատուն առաջին հերթին սպան է, բայց այստեղ պակաս տեղ չունի հասարակությունը։ Պարզ օրինակով բացատրեմ։ Հրամանատարը երբեք զինվորին սմարտֆոն չի տա, ոգելից խմիչք չի առաջարկի։ Սրանք գուցե մանր դետալներ թվան։ Բայց հենց զինվորի ընտանիքը, բարեկամը, ընկերը կարող են շատ բան փոխել՝ նպաստելով բանակում կարգապահության մակարդակի բարձրացմանը։ Խնդիր ունենք, երբ ընտանիքը տղային բանակ է ճանապարհում, բայց չգիտի, թե ինչ պարտականություններ ունի իր զինվորը։ Եվ եթե յուրաքանչյուր ընտանիքում իմանան զինվորի պարտականությունը, կարծում եմ՝ շատ բան կփոխվի դեպի դրականը, և սա օգտակար կլինի թե՛ նորակոչիկի, թե՛ սպայի, թե՛ հրամանատարի համար։
Հայկ Մագոյան