Հարցազրույց

«Թուրքիան 2020թ․ սկսած ապակայունացնող դեր է խաղում տարածաշրջանում»․ Նելլի Մինասյան

Radar Armenia-ն 2023թ. ամփոփել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։

- Թուրքիան տարածաշրջանի խոշոր խաղացողներից մեկն է։ Եթե ամփոփեք 2023 թվականը, Թուրքիայում տեղի ունեցած գործընթացներն ի՞նչ ազդեցություն են ունեցել հարևան պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

- Իսկապես, Թուրքիան խոշոր խաղացող է դարձել։ Իհարկե, առայժմ նա չի ստացել բոլոր լծակները, բայց փորձում է հնարավորինս ներգրավված լինել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին։ Եթե ամփոփենք 2023-ին տեղի ունեցած գործընթացները, պետք է նշել, որ արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան այնքան էլ չի հասել իր առջև դրված բոլոր նպատակներին։ Սա կապված չէ միայն կովկասյան տարածաշրջանի հետ․ Թուրքիան, հիմնական ազդեցության լծակներն ու համակարգերը ձևավորելու տեսանկյունից, այդքան էլ մեծ ձեռքբերումներ չունի։ Հակառակը, մյուս պետությունները, հատկապես՝ խոշորները (ՌԴ, ԱՄՆ) փորձում են Թուրքիային զսպող մեխանիզմներ մշակել։ Ես այստեղ կնշեմ Հունաստանի հետ հարաբերությունները, երբ Էրդողանը փորձեց այս պահին կարգավորել հարաբերությունները, մեծ հաշվով, սա դիտարկելով այն համատեքստում, որ Հունաստանը հանդիսանում է ԵՄ անդամ։ Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից Թուրքիան հիմնականում օգտագործում է ադրբեջանական գործոնը և շարունակում է Հայաստանի վրա ճնշումների քաղաքականությունը։

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ինչպիսի՞ տարի էր 2023-ը։

- Եթե կարճ բնութագրեմ, ձեռքբերումների մասին խոսել հնարավոր չէ։ Ճիշտ է՝ եղան որոշակի պայմանավորվածություններ, բայց այն, որ Թուրքիան մինչ այսօր դրանք չի կատարում, արդեն իսկ վկայում է, որ այս պահին արդյունք չկա։ Ավելին, Թուրքիայի ճնշումների քաղաքականությունը Հայաստանի վրա ակնհայտ է դարձել։ Այս գործընթացները կշարունակվեն նաև 2024թ․։

- Թեև հայտարարվում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է առանց նախապայմանների տեղի ունենա, այնուամենայնիվ, Թուրքիայի նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Որքանո՞վ է իրատեսական, որ 2024 թվականին հնարավոր կլինի գնալ այս ճանապարհով։

- Իսկապես, երբ գործընթացն սկսվեց, խոսվում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է։ Բայց ինչ–որ փուլում ի հայտ եկավ նախապայման․ կարծում եմ՝ մյուս նախապայմանները ևս ինչ–որ փուլերում անպայման ի հայտ կգան։ Այսօր գլխավոր նախապայմանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Միաժամանակ, հենց Թուրքիան է Ադրբեջանի կողմից կամ Ադրբեջանի շուրթերով առաջ քաշում նախապայմաններ։ Այստեղ պետք է նշել գլխավորը՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը․ Թուրքիան փորձում է հենց Ադրբեջանի միջոցով հարցերը լուծել, թեև վերջին շրջանում, երբ Ադրբեջանի վրա նկատելի են ազդեցությունը կամ ճնշումները, թուրքական պաշտոնյաներն անձամբ են խոսում այդ մասին։ Գլուխկոտրուկի նման է կարծես, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, բայց այստեղ էլ դնում այնպիսի խնդիր, որը կարևոր է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համար։ Շրջապտույտ է, որտեղ էական արդյունք չենք տեսնում։ Որքանով իրատեսական կլինի 2024-ը, դժվար է կանխատեսումներ անել, որովհետև աշխարհաքաղաքական ակտիվ զարգացումների պայմաններում դժվար է անգամ մոտ ապագայի հետ կապված որոշ կանխատեսումներ անելը։ Բայց, ամեն դեպքում, 2024թ․ պետք է սպսել ակտիվացում և, կախված, թե խոշոր կենտրոններն ինչ հարաբերությունների մեջ կգտնվեն միմյանց հետ, կպայմանավորվի Թուրքիայի հնարավորությունների սահմանները, երբ նա կփորձի իր ձեռքում եղածն օգտագործելով՝ ավելացնել ազդեցությունը տարածաշրջանում։ Այս պահին չկան նախադրյալներ՝ կարծելու, որ կլինի հարաբերությունների կարգավորում։

- Թուրքիան որքանո՞վ է կողմ տարածաշրջանում խաղաղությանը, և արդյո՞ք Թուրքիայի համար հետաքրքրություն առաջացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

- Թուրքիան, 2020 թվականից սկսած, ապակայունացնող դեր է խաղում տարածաշրջանում, ինչը շարունակում է։ Թուրքիան տարածաշրջանում խաղաղությունը պատկերացնում է իր պայմանների գնով կամ իր պայմանների հաստատումից հետո, որն էլ մյուս խնդրահարույց կողմն է։ Բնականաբար, այստեղ Թուրքիան ցանկանում է իր շահերն ու հետաքրքրությունները բավարարել՝ առանց հաշվի առնելու մյուս պետությունների, այս դեպքում՝ Հայաստանի շահերը։ Քանի որ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուն Թուրքիան է, որի համար այն ռազմավարական նախագիծ է, նա հետաքրքրված չէ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով և առաջիկայում էլ նման հետաքրքրություններ չի ցուցաբերի։ Այստեղ նույնպես պետք է դիտարկել, թե հետագա աշխարհաքաղաքական զարգացումներն ինչ ուղղությամբ տեղի կունենան։ Եթե Թուրքիայի համար անբարենպաստ զարգացումներ լինեն, գուցե այլ մոտեցում լինի։ Օրինակ, եթե մեր տարածաշրջանի նկատմամբ  Մոսկվան ու Արևմուտքը ակտիվացնեն իրենց քաղաքականությունը, Թուրքիան գուցե առերևույթ դրական խոսույթ սկսի։ Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ այդ նախագիծը Թուրքիայի համար հետաքրքրություն առաջացնի։ 

Հայկ Մագոյան