Հարցազրույց

««Խաղաղության խաչմերուկ»-ով ռեգիոնի որևէ երկիր հետաքրքրված չէ». Սուրենյանց

Radar Armenia-ն 2023 թվականն ամփոփել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։

- Աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին։

- 2023 թվականը մեր պատմության ամենաողբերգական տարին է եղել 1915 թվականից հետո, որովհետև հայոց աշխարհ ենք կորցրել՝ Արցախը։ Աշխարհաքաղաքական իրողությունները դարձյալ ոչ բարենպաստ համատեքստով են Հայաստանի համար զարգանում, որովհետև, մի կողմից, զրոյական մակարդակի են իջեցված հայ-ռուսական հարաբերությունները, մյուս կողմից՝ Հայաստան-Արևմուտքը հարաբերություններն այժմ չունեն բովանդակություն։ Այո, ինչ–որ ակտիվություն կա, տեսնում ենք այցելությունների, ազդակների հաճախակիություն, բայց առայժմ բովանդակություն չեմ տեսնում, որովհետև չենք ձևակերպել այն իրական նշաձողը, որն ակնկալում ենք ստանալ Արևմուտքից։

-  Որքանո՞վ հնարավոր կլինի իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

- «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին խոսել եմ․ ցավոք, ռեգիոնի որևէ երկիր դրանով հետաքրքրված չէ։ Երկրներ կան, որ նույնիսկ այդտեղ իրենց կոնկուրենցիա են տեսնում։ Դրանում շահագրգիռ կարող է լինել միայն Ռուսաստանը, այն էլ՝ այն պայմանով, եթե ինքը վերահսկի այդ կոմունիկացիանները։ Մյուս կողմից՝ ականատեսն ենք Հայաստանի կառավարության քաղաքականության ճիշտ հակառակ տրամաբանությանը։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումից է փորձում հրաժարվել։ «Խաղաղության խաչմերուկ»-ի համար որևէ հեռանկար չեմ տեսնում։ 

-Ինչպես կզարգանան հայ-ադրբեջանական հարաբերությունները 2024 թվականին։

- Բարդ են լինելու նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները, որովհետև ինչքան էլ խոսենք, որ խաղաղության պայմանագիրը մոտ է, տեսանելի է, որ Ադրբեջանը ըստ էության, շահագրգռված չէ պայմանագրի ստորագրմամբ։ Փորձելու է ժամանակ ձգել, որպեսզի ԱՄՆ-ի և ՌԴ-ի ընտրությունների պատճառով մեր տարածաշրջանի նկատմամբ միջազգային ուշադրությունը թուլանա, և նա կարողանա օգտվել իրավիճակից՝ Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ բանեցնելով։

Հայկ Մագոյան