Հարցազրույց

«Ադրբեջանն առայժմ թույլ չի տալիս մտածել, որ պատրաստ է փոխել իր դիրքորոշումները». Հակոբ Բադալյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։

- Հունվարին Վաշինգտոնում սպասվող ԱԳ նախարարների հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, Հայաստանը հույս ունի հասնել պայմանագրի տեքստի վերջնականացման։ Արդյո՞ք տեքստի վերջնականացումից հետո հնարավոր կլինի կնքել այդքան չարչրկված համաձայնագիրը։

- Նախ պետք է հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր կլինի Վաշինգտոնի հանդիպմանը համաձայնեցնել պայմանագրի վերջնական տեսքը։ Սա ինքնին հարց է, և դրանից հետո միայն կարող է առաջանալ սպասումը կամ հարցը պայմանագրի ստորագրման հնարավորության առնչությամբ։ Քիչ հավանական եմ համարում անգամ վերջնականացման հնարավորությունը՝ հաշվի առնելով թե կողմերի միջև տարբեր մոտեցումները, թե շահագրգիռ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մոտեցումների և նպատակների տարբերությունը։ Բազմիցս առիթ եմ ունեցել ասել, որ այս հարցը գտնվում է աշխարհաքաղաքականության հորձանուտում։ Այստեղ գլխավորը լինելու է հենց կենտրոնների միջև ուժերի հարաբերակցությունը և այն, թե ինչպիսի արդյունք կարձանագրվի՝ նրանց միջև դիմակայության առումով։ Առնվազն սա պակաս կարևոր չէ, քան Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը։ Ցավոք սրտի, այդ տեսանկյունից մենք այսօր չունենք միջավայր, որը թույլ կտա խոսել իսկապես բովանդակային և, առավել ևս, հավասարակշռված բովանդակությամբ խաղաղության պայմանագրի հնարավորության մասին։ Ըստ այդմ, չեմ բացառում, որ կարող է լինել ինչ–որ փաստաթուղթ մտադրությունների կամ ընդհանուր սկզբունքների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում փաստացի հանդիպումների երրորդ փուլն է, և հնարավոր է՝ Միացյալ Նահանգները շատ ցանկանա ինչ–որ փաստաթղթային, թեկուզ հռչակագրային տրամաբանությամբ հայտարարությամբ ավարտել երրորդ փուլը։ Բայց պայմանագրի վերջնական բովանդակության ամբողջացման և ստորագրության նախապատրաստման հնարավորությունը համարում եմ գրեթե զրոյական։

- Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Շառլ Միշելը հայտարարել է, որ բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը։ Ունենալով ԼՂ-ի բռնի տեղահանման օրինակը՝ արդյո՞ք Արևմուտքը հետևողական կլինի, որ Ադրբեջանը հարգի ՀՀ օրենսդրությունն ու ինքնիշխանությունը։

- Արևմուտքը կգործի հետևողական բոլոր այն հարցերում, որոնք բխում են իր շահից, համապատասխանում են իր նպատակներին։ Եվ այս տեսանկյունից նաև հետևողական կլինի այդ տրամաբանության շրջանակներում։ Նպատակները ձևակերպված են՝ Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա, հետո՝ դեպի Արևմուտք ճանապարհների ձևավորում և վերահսկում։ Վերջին հաշվով դրա շուրջ է նաև աշխարհակարգային այս թեժ դիմակայությունը։ Այս համատեքստում ինչպիսի շահեկան համաձայնությունների և պայմանավորվածությունների կհաջողվի հասնել, ըստ այդմ էլ կգործի Արևմուտքը։ Այստեղ պետք է արձանագրել, որ գլխավոր խնդիրը Ռուսաստանի և Իրանի գործակցության միջով պատնեշ առանցքը կառուցելն է, որպեսզի թե այդ ճանապարհները չլինեն նրանց համար վերահսկելի, և թե, միևնույն ժամանակ, նաև այդ ճանապարհները փաստացի լինեն խոչընդոտող Ռուսաստան-Իրան գործակցությանը։ Իհարկե, արդեն այս գործակցությունից բխող շատ ավելի լայն համատեքստով՝ մերձավորարևելյան ռեգիոն, կենտրոնասիական ռեգիոն և այլն։ Այսինքն, այստեղ է դիմակայության առանցքը և բուն նպատակները։ Հիմա այդ նպատակների շրջանակում ինչպիսի քաղաքական պայմանավորվածությունների կհասնի Արևմուտքը և ում հետ, մեծ հարց է։ Եվ այդ հարցերից է բխելու վերաբերմունքն այդ ճանապարհների գործունեության ռեժիմի հանդեպ։

- Երեկ ՀՀ ԱԳ նախարարն էլ ասաց, որ քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի ետքաշման հարցը: Ադրբեջանը կհամաձայնի՞ և կընդունի՞, որ ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և զորքերը ետ կքաշի։

- Պաշտոնական Երևանն այդ հայելային ետքաշման գաղափարը բարձրաձայնել է դեռևս 2021թ. մայիսից, երբ Ադրբեջանն, առանց մարտական գործողությունների, զբաղեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Մինչ այսօր մենք որևէ կերպ չենք տեսել այդ ետքաշման գաղափարը քննարկելու և ընդունելու վերաբերյալ Ադրբեջանի պատրաստակամությունը վկայող որևէ գործողություն, չենք լսել որևէ հայտարարություն։ Հակառակը՝ տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպիսի բաց հավակնություններ է ներկայացնում ՀՀ-ի հանդեպ՝ նոր տարածքների իմաստով։ Դրա վկայությունն է նաև այն, որ Ադրբեջանը Հայաստանի սահմանի մասին խոսելիս ձևակերպումներում թույլ է տալիս վերապահումներ։ Շատ հաճախ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ կամ անգամ պաշտոնական հաղորդագրություններ օգտագործում են «այսպես կոչված՝ հայ-ադրբեջանական սահման» կամ «այսպես կոչված՝ Հայաստան-Ադրբեջան» ձևակերպումը։ Եվ դա թույլ է տալիս խոսել այն մասին, որ Բաքուն, գոնե առայժմ, ոչ միայն պատրաստ չէ ընդունել ետքաշման գաղափարը, այլև, հակառակը, առաջ գալու նոր հավակնություններ ունի։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձի իր համար թանկարժեք սակարկումների առարկա դարձնել Երևանի առաջարկը։ Բայց այդ դեպքում, իհարկե, հարց կառաջանա, թե այդ սակարկումները որքանով կբխեն Հայաստանի շահից, և որքանով թույլ կտան լուծել հարցը՝ այդօրինակ առավել ծանր հարցեր չառաջացնելու գնով։ Այստեղ կարծում եմ, որ Ադրբեջանն առայժմ թույլ չի տալիս մտածել, որ պատրաստ է փոխել իր դիրքորոշումները։

Հայկ Մագոյան