Ֆինանսներ

Intel-ը 5,4 մլրդ դոլարով գնել է իսրայելական Tower Semiconductor ընկերությունը

Ամերիկյան Intel կորպորացիան հայտարարել է, որ գնում է չիպեր տադրող իսրայելական Tower Semiconductor Ltd. ընկերությունը 5,4 մլրդ դոլարով։ 

Intel ընկերությունը հայտնել է որ Tower Semiconductor-ի մեկ բաժնետոմսի համար կվճարի 53 դոլար, ինչը 60%-ով ավելի է երկուշաբթի օրը իսրայելական ընկերության բորսայական մեկ բաժնետոմսի գնից (33,13 դոլար): Գործարքն ամբողջությամբ իրականացվելու է կանխիկ եղանակով: Գործարքի մասին ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը:

Tower Semiconductor-ը, Nasdaq-ի բորսայում ցուցակված ընկերություն է, որն արտադրում է կիսահաղորդչային բաղադրիչներ և ինտեգրալ սխեմաներ, որոնք օգտագործվում են ավտոմեքենաների, սպառողական սարքերի, բժշկական և արդյունաբերական սարքավորումների ու միկրոչիպերի արտադրության մեջ: Ընկերությունն արտադրական գործարաններ ունի Իսրայելում և Ճապոնիայում, ԱՄՆ Կալիֆորնիա և Տեխաս նահանգներում:

2021թ. ամռանը Intel-ը հայտնել էր որ դիտարկում է չիպերի ավելի մեծ արտադրող՝ GlobalFoundries Inc. ընկերության ձեռքբերման հնարավորությունը, սակայն գործարքը ձախողվել էր: