Տեխնէ

Intel-ը նոր կրիպտո չիպ կարտադրի Bitcoin-ի մայնինգի համար

Intel-ը ներդրումներ է կատարել բլոկչեյն տեխնոլոգիայի մեջ՝ ստեղծելով նոր միկրոչիպ, որը նախատեսված է կրիպտոարժույթի արդյունահանման (mining) համար: Ընկերությունը կենտրոնացել է արտադրողականության կայունության վրա և նախատեսում է «մշակել էներգաարդյունավետ հաշվողական տեխնոլոգիաներ»:

Intel-ի առաջին կրիպտոկենտրոնացված չիպը, որը նա անվանում է «բլոկչեյն արագացուցիչ», շուկա է մտնելու 2022թ. վերջին: Երկու ընկերություններ արդեն նախապես պատվիրել են տեխնոլոգիան, այդ թվում՝ բիթքոյն արդյունահանող GRIID Infrastructures ընկերությունը և Block-ը՝ Ջեք Դորսիին պատկանող ֆինտեխ ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես Square:

Կպրիտոարժույթների արդյունահանումը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողնում և դարձել է էկոլոգիական մեծ խնդիր։ «Մենք ակնկալում ենք, որ բլոկչեյն արագացուցիչը կունենա 1000 անգամ ավելի լավ կատարողականություն մեկ վտ-ում, քան հիմնական  «SHA-256» GPU-ները, որոնք ստեղծված են մայնինգի համար», - պարզաբանել է Intel-ի փոխնախագահ Ռաջա Կոդուրին: Միկրոչիպում օգտագործվելու է ալգորիթմ, որը կիրառվում է բիթքոյն և մի շարք այլ կրիպտոարժույթներ արտադրելու համար:


Intel-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չիպի մասին ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլինի «Պինդ վիճակի սխեմաների» միջազգային կոնֆերանսում, որը կմեկնարկի փետրվարի 20-ին: Ինչպես նշում է PCMag-ը, ընկերությունը նախատեսում է իր նոր միկրոչիպը ներկայացնել փետրվարի 23-ի ISCC շնորհանդեսում՝  «Bonanza Mine. An Ultra-Low-Voltage An Ultra-Low-Voltage Energy-efficient Bitcoin Mining ASIC» խորագրով: ASIC-ը կամ կիրառական ինտեգրալ սխեման չիպ է, որը նախատեսված է մեկ կոնկրետ առաջադրանքի համար, ինչպես օրինակ՝ կրիպտոարժույթների մայնինգը:

Շրջակա միջավայրի վրա կրիպտոարժույթների մայնինգի ազդեցությունը ռիսկեր է ստեղծում, որոնք կարող են լուծվել Intel-ի նոր չիպի շնորհիվ: Էլեկտրաէներգիայի կարիք ունեցող հանքարդյունաբերական սարքերը հաճախ իրենց էներգիան ստանում են ածխի և բնական գազի կայաններից, որոնք վնասում են շրջակա միջավայրը և կարող են նպաստել էլեկտրաէներգիայի հավելյալ ծանրաբեռնվածությանն ու հոսանքազրկումներին:

ԱՄՆ օրենսդիրները հարցը բարձրացրել են ԱՄՆ Կոնգրեսում՝ քննարկելով, թե ինչպես կարելի է լուծել կրիպտո մայնինգի հետ կապված էներգիայի աճող սպառումը և նույնիսկ խնդրել են բիթքոյն ընկերություններին բացահայտել, թե որքան էներգիա են նրանք սպառում, հաղորդել է Reuters-ը։