Ժամանց

Ինչո՞ւ են մասնագետները խորհուրդ տալիս պատվաստվել գրիպի դեմ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկմա և կանխարգելման կենտրոնը մանրամասնել է, թե ինչո՞ւ պետք է պատվաստվել գրիպի դեմ:

Ըստ ՀՎԿԱԿ մասնագետների, գրիպի դեմ պատվաստում կարևոր է ստանալ յուրաքանչյուր տարի, քանի որ այդ հիվանդության վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, պատվաստանյութն ամեն անգամ թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։ Միաժամանակ, պատվաստումը գրիպի կանխարգելման ամենածախսարդյունավետ միջոցն է:

ՀՎԿԱԿ-ը մանրամասնում է. «Սեզոնային գրիպի դեմ հղի կնոջ պատվաստումը կանխարգելում է ինչպես մոր, այնպես էլ նորածնի հիվանդացությունը գրիպով կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում: Բացի դրանից հակամարմինները փոխանցվում են նաև կրծքով կերակրելու միջոցով»:

Իսկ առաջնահերթ պատվաստման ենթակա են ռիսկի գոտում գտնվողները՝ հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի մեծահասակները, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը: