Փետրվարի 7-ին Պեկինի Օլիմպիական խաղերում պետք է տեղի ունենար գեղասահքի կանանց թիմային մրցափուլի մեդալների հանձնման արարողությունը, որտեղ ռուս գեղասահորդուհիները գրավել էին առաջին հորրզոնականը, ինչը, սակայն, հետաձգվեց։ Ինչպես նախապես հայտարարել էր Inside the games պարբերականը, մեդալների հանձնման չեղարկումը պայմանավորված էր 15-ամյա գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի հետ։
Դեկտեմբերի 25-ին Վալիևան Ռուսաստանի առաջնության ընթացքում դոպինգ (տրիմետազիդինի) թեստ էր հանձնել։ Ըստ Դոպինգ թեստավորման միջազգային գործակալության (ITA)` թեստը դրական արդյունք էր ունեցել։ РУСАДА֊ն (Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը) փետրվարին կասեցրել էր գեղասահորդուհու մասնակցությունը մրցաշարերին, սակայն բողոքարկումից հետո կասեցրել էր չեղարկումը։
Սկանդալային իրավիճակի առթիվ տարբեր մեկնաբանություններով հանդես են գալիս մի շարք գեղասահորդներ, մարզիչներ, քաղաքական գործիչներ։ Գեղասահորդուհուն աջակցության կոչեր են անում հավաքականի մարզիչ Էթերի Թուդբերիձեն, վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան և այլք։
Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի անդամ Բորիս Պայկինը կարծում է, որ Կամիլան պետք է դառնա ազգային հավաքականի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով իրավիճակին, նշել է, որ Ռուսաստանի Օլիմպիական Կոմիտեի անդամները շարունակում են աշխատանքները, և պետք չէ խանգարել դրանց։
Հաջորդիվ, փետրվարի 14-ին հրապարակվեց Մարզական արբիտրաժային դատարանի որոշումը, ըստ որի` դատարանը չի բավարարել IOK-ի (Միջազգային օլիմպիական կոմիտե) և ISU-ի (Չմշկասահորդների համաշխարհային միություն) բողոքները, ու Կամիլա Վալիևան կարող է ելույթ ունենալ Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում։ Մարզուհին որակազրկված չէ և կարող է մասնակցել մրցումներին և անհատական մրցափուլին։ Սակայն հայտարարվեց, որ եթե անգամ գեղասահորդուհին անհատական մրցաշարում մեդալ նվաճի, պարգևատրման արարողությանը չի կարող մասնակցել։ Ժամեր անց Վալիևան ելույթ կունենա անհատական մրցելույթներում։