Հասարակություն

Հողային օրենսգրքի փոփոխություններով հողամասը ընդլայնել մեկից ավելի անգամ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ կարելի է հողամասը ընդլայնել մեկից ավելի անգամ և պարտադիր չէ, որ այդ հողակտորի վրա կառուցված լինի շենք։ Հողամասն առավելագույնը կարող է ընդլայնվել իր նախնական չափի 100 տոկոսով։

Գործող կարգավորումները նախատեսում են սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որևէ շինություն։ Բացի այդ, հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Վերլուծելով նշված սահմանափակումները և դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում գործնականում կառուցապատման բնագավառի զարգացման վրա»։

Օրենսդրական փոփոխությամբ ակնկալվում է կառուցապատման գործընթացի պարզեցում և հստակեցում, սեփականատերերի  իրավունքների համապարփակ կիրառման հնարավորության ապահովում։