Վերլուծություն

ՀՅԴ-ն չի կարո՞ղ առանց պատմություն կեղծելու

ՀՅԴ հիմնադրման 131-ամյակի միջոցառմանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթը լի էր տարատեսակ պատմական աղավաղումներով ու մանիպուլյացիաներով։

Հիշատակելով 1990-ականների ՀՅԴ գործունեության մասին՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Կրկին փորձ արվեց կասեցնելու կազմակերպության գործունեությունը Հայրենիքում։ 1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո, դադարեցին հալածանքները Դաշնակցության նկատմամբ: ՀՅԴ-ն արդարացվեց»։ Կարելի է 1990-ականներին կատարվածը տարբեր կերպ մեկնաբանել, բայց փաստերը խեղաթյուրելն անթույլատրելի է։ Իսկ որ ՀՅԴ-ականները խեղաթյուրում են փաստերը, միանշանակ է. մասնավորապես, երբ խոսում են ՀՅԴ-ի՝ 1998թ. «արդարացման» մասին։

Իրականում «Դրո» և «30+1» գործերով դատապարտված ՀՅԴ-ականներից որևէ մեկը ոչ 1998թ., ոչ էլ դրանից հետո չի արդարացվել. սա անհերքելի փաստ է։ Պարզապես, 1998թ. իշխանափոխությունից հետո ՀՅԴ-ականները դուրս եկան բանտերից՝ «իրադրության փոփոխության» հիմնավորմամբ։ Իսկ այդ գործերով դատապարտվածների մի մասը, ինչպես օրինակ, Արմենակ Մնջոյանն ու Արսեն Արծրունին, շարունակեցին մնալ բանտում անգամ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայի մաս էր կազմում։ Նաև հիշեցնենք՝ ինչի համար էին դատապարտվել ՀՅԴ-ականները և 1990-ականներին ինչո՞ւ էին կասեցրել այդ կուսակցության գործունեությունը։ 

«Դրո» գործով մեղադրական եզրակացությունից մեկ հատված. «ՀՅԴ անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, ՀՅԴ կուսակցական գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած առանձին անձանց վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու, ինչպես նաև անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու և թմրաբիզնեսով զբաղվելու նպատակով մեղադրյալներ Հրանտ Մարգարյանն ու Արսեն Արծրունին 1992թ. դեկտեմբերին ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծել են «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույց՝ կայուն զինված բանդա, որի անդամները գաղտնի հետապնդել և հավաքագրել են մարդկանց…»։ Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ ՀՅԴ ներսում գործունեություն ծավալած «Դրո» կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը՝ Նունե Մարուքյանը, իսկ 1994թ. մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։ 

Մեկ հատված էլ 30+1-ի գործի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության նախարարության հաղորդագրությունից. 1995թ. հուլիսի 29-ին ԱԱ նախարարությունը տեղեկացրել է. «ԱԱ և ՆԳ նախարարությունների համապատասխան ծառայությունների համատեղ գործողությունների ընթացքում 1995թ. հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Երևանում վնասազերծվել է հանցավոր ահաբեկչական խումբ, որը ծրագրել էր հուլիսի 29-ին ԱԺ կրկնական ընտրությունների օրը իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ երկրի հայտնի քաղաքական գործիչների դեմ։ Ահաբեկիչները ձերբակալման պահին ցույց են տվել զինված դիմադրություն։ Շուրջ տասը րոպե տևած փոխհրաձգության արդյունքում ՆԳՆ զինծառայողների շարքում կան վիրավորներ (ՆԳՆ երկու աշխատակից այդ օրը ստացած վնասվածքներից մահացել էր)։ Առայժմ ձերբակալված է ահաբեկչական խմբի 9 անդամ, որոնց թվում ՀՅԴ բյուրոյի անդամներ։ Խմբի ևս մի քանի անդամներ գտնվում են հետախուզման մեջ»:

Ի դեպ, 1995թ. ՀՀ ԱԱ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը, որը շաբաթ օրը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման տոնակատարություններին ու լսում էր պատմության խեղաթյուրման հերթական դրսևորումները։

Հ.Գ. ՀՅԴ-ի՝ կուսակցական գործունեության վերականգնումը 1998թ. Հայաստանում, ի դեպ, մեկնարկել էր մեկ տարի առաջ, երբ այդ ժամանակվա իշխանությունների և ՀՅԴ-ի միջև բանակցություններ էին ընթանում՝ «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան գրանցվելու և կուսակցական կառույց ձևավորելու միջոցով Հայաստանում գործունեությունը վերսկսելու ուղղությամբ։ Ի տարբերություն ՀՅԴ գործիչներին բանտից ազատ արձակելու ոչ օրինական պրակտիկայի՝ 1998թ. ՀՅԴ կուսակցությունը իր կառույցն ու կանոնադրությունը համապատասխանեցրեց ՀՀ օրենսդրությանը, այսինքն՝ շտկեց նախկին հակասությունն օրենքի հետ, ինչի արդյունքում՝ օրինական գործունեություն ծավալելու հնարավորություն ստացավ։ 

Այնպես որ, ՀՅԴ-ն Հայաստանում ո՛չ դատապարտվել է, ո՛չ էլ արդարացվել։ Կուսակցության առանձին գործիչներ բանտից ազատվել են սոսկ իրադրության փոփոխության պատճառով, իսկ շատերը շարունակել են մնալ բանտում իրենց մեղսագրված մեղադրանքներով։ Կուսակցությունն էլ գործունեության հնարավորություն է ստացել օրենքին համապատասխան կառույց և կանոնադրություն ունենալու արդյունքում։

Արման Գալոյան