Քաղաքական

ՀՀ-ում միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում

ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությանը, ասելով, որ որևէ բան չի կարող ազդել ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա։

Նրա խոսքով, «Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Ես ցանկանում եմ շեշտել, որ հայ ու բելառուս ժողովուրդները եղբայրական են, և մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ բան չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա: Մեկնաբանելու որևէ առիթ չեմ տեսնում»:

Հիշեցնենք՝ Լուկաշենկոն խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»: 

Հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք հարց, որ Հայաստանը պետք է լինի միութենական երկրի կազմում, Հակոբ Արշակյանը բացասական պատասխան տվեց` նշելով, որ միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ քննարկումներ Հայաստանում չեն ընթանում։ Նա հիշեցրեց ՀՀ արտգործնախարարության պատասխան հայտարարության մասին՝ նշելով, որ իր մեկնաբանությունը չի տարբերվում դրանից: