Քաղաքական

ՀՀ օրակարգում Միութենական պետություն դառնալու հարց չկա

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, նշելով, որ Հայաստանը երբեք այդ հարցում նախապայմաններ առաջ չի քաշել:

Նրա խոսքով. «Հայաստանը պարզապես պահանջել է, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք նշված են եղել անցած տարի նոյեմբերի 26-ին Սոչիում, իրագործվեն: Հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը: Բացի դրանից, մի այսպիսի կարևոր հանգամանք կա. երբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն»։

Գրիգորյանի խոսքով, այդտեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել. «Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Ես համոզված եմ, որ եթե ելնենք բոլոր պայմանավորվածություններից, ապա նման հարց չի կարող ծագել»։

ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետություն դառնալու հարց չկա. «Եթե նման հարց չկա՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է մնա այդպիսին»:

Գրիգորյանն անդրադարձավ նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, նշելով, որ այն պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ձևաչափում, և մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք. «Կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները ակտիվ լինելու դեպքում կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելուն, ԱԽ քարտուղարը շեշտեց՝ քանի ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն. «Քանի դեռ չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է. Հայաստանը շարունակելու է աշխատել, որ խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև մենք խնդրին կարգավորում գտնենք»: